Ոստիկանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ փաստաբան Գրիգորի Շահվերդյանը բաց նամակը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, հերթական սադրանքն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով տուժող Գագիկ Ապերյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Սողոմոնյանը:
Նա նշեց, որ այս հայտարարությամբ Գրիգորի Շահվերդյանը ցուցաբերում է իր եւ իր կողմի անզորությունը. «Քանի որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օրոք նրանք ունեին հովանավորներ, այդ պատճառով էլ քրեական գործը շուռ եկավ մի պահ, ավելի մեղմ էր պատասխանատվությունը Արմեն Գրիգորյանի նկատմամբ, քան տուժողի նկատմամբ, ինչի պատճառը միայն Աղվան Հովսեփյանի եւ նրա վարչարարական մեխանիզմի ներգործությունն էր, քանի որ Շահվերդյանը եւ Արմեն Գրիգորյանի հայրը հայտարարում էին թե մեծ գումարներ են ծախսել եւ գործը կոտրելու են: Սա ցույց է տալիս իրենց անզորությունը, քանի որ իրենց հովանավորներy չկան, գործը օբյեկտիվ ճիշտ որակվել եւ ուղարկվել է դատարան, ուղղակի հիմա խոսում են շանտաժի միջոցով եւ փորձում են որոշակի ազդեցություն գործել մեկ այլ գլխավոր դատախազի վրա: Բայց ես համոզված եմ, որ պարոն Կոստանյանը շատ խելամիտ անձնավորություն է եւ ճիշտ կգնահատի իրավիճակը»,- ասաց Արմեն Սողոմոնյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի հայրը շուրջ 6 ամիս է՝ գտնվում է կադրերի ռեզերվում, եւ եթե նա ինչ-որ փորձ աներ հովանավորելու իր որդուն, համենայն դեպս, խուլիգանության հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով չէր որակվի որդու արարքը, «նա պահակապարեկետային ծառայության աշխատակից էր եւ որեւէ լծակ չուներ ազդելու նախաքննության վրա»:
Նշենք, որ Երեւանում բարձրաստիճան ոստիկանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած եւ կրակոցներով ավարտված ծեծկռտուքի վերաբերյալ, կողմերից մեկի փաստաբան Գրիգորի Շահվերդյանը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:




























