Երեւանում բարձրաստիճան ոստիկանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած եւ կրակոցներով ավարտված ծեծկռտուքի վերաբերյալ, կողմերից մեկի փաստաբան Գրիգորի Շահվերդյանը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«2013թ. ամիսներ առաջ, երեկոյան ժամը 22-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում Երեւան քաղաքի բնակիչ Արմենին ու նրա կնոջն են հավասարվում անծանոթ Հ.Մանուկյանը եւ Ա.Գոլեցյանը: Նրանցից մեկը դիտավորյալ քսվելով է անցնում կնոջ կողքով ու բարձրաձայն արտահայտվում. «էս ինչ լավնա ու էս հավի հետ»: Արմենը փորձում է պարզել նման անվայել արտահայտության պատճառը ու ներողության փոխարեն լսում պատասխան ստանալու համար նույն վայրում հանդիպելու պահանջ:
Երկու ժամ անց նրանց հանդիպումն ավարտվում է միմյանց ծեծկռտուքի ենթարկելով:
Դրանով չբավարարվելով, Հ.Մանուկյանը եւ Գ.Գոլեցյանը հավաքում են իրենց շրջապատին, դեռեւս անհայտ պայմաններում, հավանաբար իրենց բարձրաստիճան հարազատների ու հովանավորների օգնությամբ, ճշտում Արմենի բնակության վայրը եւ նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով, 10-15 հոգով, 3-4 ավտոմեքենաներով, թմրանյութ օգտագործած վիճակում, գիշերը ժամը 02-ի սահմաններում գնում Արմենի տան բակ, որտեղ խուլիգանություն կատարելով, բարձրաձայն հայհոյանքներ տալով, մի քանիսը փորձում են աշխատեցնել Արմենի ավտոմեքենան, հանել համարանիշները, մնացածը դաշույններով ու մահակներով զինված, բռնություն գործադրելու իրական սպառնալիքներ տալով, հարվածելով տան դարպասներին դուրս են կանչում Արմենին: Վերջինս տանը գտնվելով մոր եւ կնոջ հետ ու զգալով իր եւ ընտանիքի անդամների նկատմամբ սպառնացող իրական վտանգը, վերցնում է իր կողմից ապօրինի պահվող հրազենը, դուրս գալիս բակ, պահանջում հեռանալ՝ մեկ անգամ կրակելով դեպի օդ: Ամբոխի միջից մեկը բացականչում է. «պուգաչով ես վախեցնո՞ւմ, հեսա ավտոմատը բերեմ տենաս պուգաչը որնա»: Հավատացնելու համար, որ իր ձեռքում իրական զենք է, Արմենը 2-րդ անգամ կրակում է ասֆալտապատ գետնին, որից անդրադարձ կատարած գնդակը դիպչում է բակ եկածներից ոստիկանության փոխգնդապետի որդու դեմքին՝ նրան պատճառելով միջին ծանրության վնաս: Դա ստիպում է այդ 10-15 երիտասարդներին փախչել՝ դեպքի վայրում թողնելով վիրավոր ընկերոջը:
Արմենը նույն օրը կամովին ներկայանում է ոստիկանություն եւ միաժամանակ կամովին ներկայացնում հրազենը` փամփշտատուփում չորս հատ փամփուշտի հետ մեկտեղ:
Իրավապահ մարմինները սկզբում Արմենին մեղադրանք են առաջադրում սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով հրազեն պահելու համար, սակայն հետագայում՝ ավարտելով քննությունը եւ ստանալով բոլոր փարձաքննությունների, այդ թվում կրկնակի փորձաքննությունների եզրակացությունները, հաստատած լինելով դեպքի վերը նշված հանգամանքները, ունենալով Արմենի կողմից բացահայտ անհրաժեշտ պաշտպանության եւ ապօրինի կերպով պահվող հրազենը կամովին ներկայացնելու պատկեր ու գործող օրենսդրության համաձայն պարտավոր լինելով կարճել քրեական գործը, այնուամենայնիվ, հավանաբար որդեգրած լինելով արարքին ամենածանր որակում տալու իրավապահների տխրահռչակ մոտեցումը, Արմենի արարքը որակում են որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցմամբ միջին ծանրության վնասվածքի պատճառում (կարծում եմ գործել է «կրակել է, մարդ է վնասել, ուստի պետք է պատժվի» անարդար սկզբունքը… իսկ ի՞նչ կասեին, երբ Արմենին ու նրա ընտանիքի անդամներին, անմեղ հարեւաններին թմրամոլների ամբոխը վնասեր):
Իրավաբանորեն չէինք համաձայնվի Արմենի արարքի նման որակմանը, սակայն մարդկայնորեն գուցե եզրեր գտնվեին, սակայն հետագայում գործը կրկին կտրուկ շրջադարձ ունեցավ Արմենի դեմ:
Նախաքննությունն ավարտված էր եւ գործը պետք է ուղարկվեր դատարան, սակայն զարմանալիորեն եւ անհասկանալի կերպով, արդարամիտ հայացքների համբավ ձեռք բերած Երեւան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանի ղեկավարությամբ որոշում կայացվեց նախաքննությունը շարունակելու մասին ու Արմենի արարքը կրկին վերաորակվեց որպես սպանության փորձ (պարզվում է արդարամիտ լինելը բավարար չէ, պետք նաեւ ի զորու լինես արդարության հասնես):
Պաշտպանության կողմի բոլոր բողոքները եւ միջնորդություններն անհիմն կերպով մերժվում են:
Կյանքը ցույց է տվել, որ ոչ միայն այլ պետություններում, այլ Հայաստանում նույնպես անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը գործել եւ գործում է, ուղղակի կարծում ենք դեպքի հանգամանքների քննարկումը պետք է կազմակերպվի առավել օբյեկտիվությամբ եւ արդարամտությամբ աչքի ընկնող ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մոտ, որն ինչպես փորձը ցույց տվեցի զորու է անկաշկանդ լինել անհրաժեշտ պաշտպանության առկայությունը հաստատելու հարցում»:
Չնայած դրան, ինչպես մեր բազմաթիվ դիմումները եւ միջնորդությունները, լրատվամիջոցի տվյալ հրապարակումը նույնպես անարձագանք մնաց ՀՀ գլխավոր դատախազի կողմից, որի պատճառն ուղղակի անհասկանալի է:
Սույն բաց նամակով դիմելով Ձեզ՝ որպես ՀՀ նախագահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների եւ ազատությունների գլխավոր երաշխավորին, խնդրում եմ հայտնել, ինչու է լռում ՀՀ գլխավոր դատախազը, արդյոք հայ տղամարդն իրավունք չունի ազատ, հանգիստ զբոսնել կնոջ հետ Երեւանի փողոցներում, իրավունք չունի պաշտպանել կնոջը թմրամոլների անվայել վերաբերմունքից, պաշտպանել իր ինքնասիրությունը, պաշտպանել իր ընտանիքին, տունը, սեփականությունը 10-15 թմրամոլ խուլիգաններից, որոնք գիշերը ժամը 02-ին հաշվեհարդար տեսնելու նպատակով հարձակում են գործում, վտանգի տակ դնում այդ բոլոր արժեքները: Համոզված ենք, կհամաձայնվեք, որ ամոթ այն հայ տղամարդուն ով չի պաշտպանի այդ արժեքները, քանի որ մեր երկրի, Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է հենց այդ արժեքների պաշտպանությունից: Եթե հայ տղամարդը չպաշտպանի այդ արժեքները, երկրի օրհասական պահին նա չի կանգնի Հայրենիքի պաշտպանության համար: Միթե երկրի բարձրաստիճան այրերը չպետք է արձագանքեն նման անարդարությանը, միթե նման դրսեւորումները չեն, որ հայ տղամարդուն, նրա ընտանիքին, շրջապատին Հայաստանից արտագաղթելու մղիչ ուժ են հանդիսանում: Կանգնեցրեք այս անարդարությունը, ի սեր Աստծո, կանգնեցրեք այս ամենը:
Ինչու՞ չի արձագանքում այս անարդարությանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը»:





























