Սաուդյան Արաբիայի Արևելք-Արևմուտք նավթամուղի աշխատանքի դադարեցումը ուժեղացրել է համաշխարհային նավթի մատակարարումների վերաբերյալ մտահոգությունները, քանի որ դա տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում նոր միջադեպի ֆոնին, հայտնում է Reuters-ը։

Կիրակի հայտնի դարձավ, որ անհայտ արկը խոցել է ռազմավարական կարևորությամբ ջրային ուղիով անցնող նավը։ Բրիտանական ծովային առևտրի UKMTO ծառայության տվյալներով, հարվածից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել, անձնակազմը տարհանվել է։ Վնասների մասշտաբը և նավի վիճակը հաղորդման հրապարակման պահին մնում էին անհայտ։

Իրավիճակը հատկապես զգայուն է նավթային շուկայի համար, քանի որ մոտ 1,2 հազար կմ երկարությամբ Արևելք-Արևմուտք նավթամուղը վերջին ամիսներին եղել է սաուդյան նավթի արտահանման կարևորագույն այլընտրանքային ուղին՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Reuters-ի տվյալներով, դրանով օրական անցնում էր մոտ 4–5 մլն բարել նավթ՝ համաշխարհային առաջարկի մոտ 4–5%-ը։

Այժմ նավթամուղի վրա հարձակումից և Հորմուզի նեղուցում նոր միջադեպից հետո ներդրողների մտահոգությունները մատակարարումների հետագա խափանումների վերաբերյալ ուժեղացել են։ Brent տեսակի նավթը կրկին բարձրացել է մեկ բարելի համար $100-ից վեր, իսկ մեկ շաբաթում դրա գինը աճել է ավելի քան 8%-ով։ Reuters-ը նշում է, որ շուկան գնալով ավելի խոցելի է դառնում մատակարարումների նոր խափանումների նկատմամբ։

Հորմուզի նեղուցը մնում է համաշխարհային էներգետիկայի առանցքային երթուղիներից մեկը. մինչև ներկայիս հակամարտության սկիզբը դրանով անցնում էր համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20%-ը։ Միևնույն ժամանակ նեղուցով նավարկությունն արդեն զգալիորեն կրճատվել է ռազմական գործողությունների պատճառով։

Լրացուցիչ ռիսկ է ստեղծում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում իրավիճակը։ Իրանի աջակցությունը վայելող հութիները առաջ են շարժվում Եմենի ափերի երկայնքով և գրավել են նեղուցի մուտքի մոտ գտնվող Փերիմ կղզին, որը համաշխարհային առևտրի և նավթի փոխադրման ևս մեկ կարևորագույն երթուղի է։

Reuters-ի գնահատմամբ, այս երթուղու նկատմամբ հնարավոր սպառնալիքը կարող է ազդել համաշխարհային նավթային հոսքի մոտ 7%-ի վրա։