Առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 130-ը համարվում են անհետ կորած այն բանից հետո, երբ Virgo Transport 8 լաստանավը փոթորկի մեջ է ընկել և շրջվել Ինդոնեզիայի ափերի մոտ գտնվող Ճավայի ծովում։ Փրկարարներին հաջողվել է գտնել և տարհանել 107 մարդու, հաղորդում է AFP-ն։
Ճավա կղզուց դեպի Բորնեո կղզի ուղևորվող լաստանավի վրա եղել է 243 մարդ՝ 213 ուղևոր և անձնակազմի 30 անդամ։ Նավը դուրս էր եկել Արևելյան Ճավայի Սուրաբայա քաղաքից և կիրակի օրը մոտավորապես ժամը 2:00-ին դադարել էր կապ հաստատել նավափոխադրող ընկերության հետ։
Ինդոնեզիայի ազգային որոնողափրկարարական գործակալության՝ Basarnas-ի տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է վեց մարդ, 130-ը մնում են անհետ կորած, 107-ը փրկվել են։
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Դուդի Պուրվագանդհին հայտնել է, որ լաստանավը շրջվել է, սակայն վերջին դիտարկման պահին դեռ չէր խորտակվել։ Ըստ նրա, տեղական ժամանակով մոտ ժամը 15:00-ին փրկարարները նավը տեսել են ջրի վրա շրջված վիճակում։
Տեղական փրկարար ծառայության ղեկավար Ի Պուտու Սուդյանան ավելի վաղ AFP-ին հայտնել էր, որ նավապետը հասցրել էր նավի տերերին տեղեկացնել դրա ուժեղ թեքման մասին՝ նախքան լաստանավի հետ կապի ընդհատվելը։
Փրկարարական գործողությունը բարդանում է ծանր եղանակային պայմանների պատճառով։ Ըստ Սուդյանայի, ալիքների բարձրությունը հասնում էր 2,5 մետրի, ինչը լուրջ վտանգ էր ստեղծում անգամ փրկարարական նավերի համար։ Գործողությանը միացել է նաև Basarnas-ի ուղղաթիռը։
Լաստանավի վերջին գտնվելու վայրը հաջողվել է որոշել Ճավայի ծովում՝ նշանակման կետից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա։ Նավը նաև ավտոմեքենաներ էր տեղափոխում։
Բանջարմասինի նավահանգստում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որտեղ գտնվում են բժիշկներ և շտապօգնության մեքենաներ։ Ուղևորների հարազատները հավաքվել են փրկարարական գործողության կառավարման կետում և հետևում են փրկվածների ցուցակներին։
Ինդոնեզիան, որը բաղկացած է ավելի քան 17 հազար կղզիներից, մեծապես կախված է ծովային տրանսպորտից։ Նավերի վթարներն այստեղ տեղի են ունենում պարբերաբար, ինչին, մասնավորապես, նպաստում են բարդ եղանակային պայմանները և անվտանգության նորմերի պահպանման հետ կապված խնդիրները։





























