Շվեդիայում բացվել են խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը, որոնք կարող են կամ երկրի պատմության մեջ առաջին անգամ ծայրահեղ աջերին բերել կառավարություն, կամ էլ վերադարձնել իշխանությունը ձախակենտրոն ընդդիմությանը, հաղորդում է AFP-ն։

Քարոզարշավի վերջին օրերին ձախ կուսակցությունները նկատելիորեն առաջ էին անցել երկրի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի աջակենտրոն բլոկից, սակայն քվեարկությունից առաջ տարբերությունը գրեթե վերացել էր։

Ձախակենտրոն բլոկը միավորում է չորս կուսակցություն՝ Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության գլխավորությամբ։ Դրա առաջնորդ Մագդալենա Անդերսոնը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2021–2022 թվականներին, Ստոկհոլմում նախընտրական հանրահավաքում հայտարարել է, որ քվեարկության արդյունքը չափազանց մոտ է լինելու։

«Այժմ ամեն ինչ կախված է ընտրողներից․ ոըզո՞ւմ են նրանք կառավարություն, որն ամբողջությամբ վերահսկվում է «Շվեդ դեմոկրատների» կողմից, թե՞ իմ գլխավորած կառավարությունը», — ասել է Անդերսոնը։

Սոցիալ-դեմոկրատները, որոնք շարունակում են մնալ երկրի ամենախոշոր կուսակցությունը, խոստանում են ամրապնդել սոցիալական ապահովության համակարգը և օգնել այն տնային տնտեսություններին, որոնք դժվարություններ են կրում կյանքի թանկացման պատճառով։

Քրիստերսոնը, որը գլխավորում է պահպանողական չորսկուսակցական դաշինքը, իր հերթին հայտարարել է, որ այժմ մտադիր է կենտրոնանալ շվեդների առօրյա կյանքի բարելավման վրա։ Ըստ նրա, կազմակերպված հանցավորության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում կառավարության միջոցառումներն արդեն տվել են անհրաժեշտ արդյունքները։

Հանցավորության խնդիրը դարձել է քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։ Ավելի քան տասը տարի Շվեդիան բախվում էր հանցավոր խմբավորումների հետ կապված սպանությունների և պայթյունների։ Վերջին տարիներին բռնության մակարդակը զգալիորեն նվազել է, իսկ ապաստան տրամադրելու դիմումների թիվը հասել է ռեկորդային ցածր մակարդակի։

2022 թվականին Քրիստերսոնի եռակուսակցական կառավարությունը համաձայնագիր է կնքել ծայրահեղ աջ «Շվեդ դեմոկրատների» հետ, որի շնորհիվ կուսակցությունն ազդեցություն է ստացել պետական քաղաքականության վրա՝ առաջին հերթին միգրացիայի և հանցավորության հարցերում՝ խորհրդարանում կառավարությանն աջակցելու դիմաց։

Այժմ «Շվեդ դեմոկրատների» առաջնորդ Յիմմի Օքեսոնը հույս ունի առաջին անգամ մտնել կառավարության կազմ։ Քրիստերսոնն աջերին խոստացել է առանցքային նախարարական պաշտոններ՝ աջ բլոկի հաղթանակի դեպքում։ Ակնկալվում է, որ Օքեսոնը կարող է ստանալ միգրացիային առնչվող պորտֆել։

Ստոկհոլմում եզրափակիչ հանրահավաքում Օքեսոնն արդեն հայտարարել է իր կողմնակիցներին․ «Մենք արդեն հաղթել ենք»։ Ըստ նրա, Շվեդիան դառնում է «ավելի անվտանգ, ավելի լավ և ավելի շվեդական»։

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի մոտ ութ միլիոն մարդ։ Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը ութին և տեղական ժամանակով կփակվեն երեկոյան ժամը ութին։ Շվեդիայում մասնակցության մակարդակը սովորաբար գերազանցում է 80%-ը, ընդ որում ընտրողների մոտ կեսը քվեարկել է վաղաժամկետ։

Եթե հաղթի աջ բլոկը, ապա նոր կառավարության ձևավորումը, ինչպես սպասվում է, համեմատաբար պարզ կլինի։ Ձախերի հաղթանակի դեպքում չորս կուսակցությունները ստիպված կլինեն հաղթահարել լուրջ գաղափարական տարաձայնությունները և բարդ բանակցություններ վարել կոալիցիա ձևավորելու համար։