Հայկական կողմը կարող է հրաժարվել մասնակցել Ստամբուլում Ադրբեջանից կանանց պատվիրակության հետ հանդիպումից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հանդիպման կազմակերպիչներից «Կանանց ռեսուրսների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-5-ը Ստամբուլում ծրագրվում է անցկացնել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում: Այս ձեւաչափի հանդիպումը առաջինը չէ, դրա արդյունքների հիման վրա նախատեսվում էր համատեղ նամակ գրել, որն այնուհետ կփոխանցեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:Սակայն այսօր ադրբեջանական մամուլում, Դիլարա Ալիեւայի անվան Կանանց իրավունքների պաշտպանութան համայնքի նախագահ Նովելա Ջաֆարօղլու խոսքով, հարցականի ներքո է հենց հանդիպման կայացումը:
ԱՊԱ հրապարկման մեջ հայտնում են «Լեռնային Ղարաբաղի հայ ու ադրբեջանական համայնքների» ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին: Ղարաբաղյան կողմը բազմիցս նշել է նման ձեւակերպման անթույլատրելիության մասին:Լարա Ահարոնյանի խոսքով՝ ադրբեջանական կողմին արդեն հարցում են ուղարկել պարզաբանման համար, թե ումն է պատկանում նման ձեւակերպումը: «Եթե սա ադրբեջանցի գործընկերների գաղափարն է, մենք կհրաժարվենք հանդիպումից: Եթե լրատվամիջոցներն են այդ կերպ ձեւակերպել, մենք կքննարկենք հարցը»: Այժմ հայկական կողմը սպասում է Բաքվի պատասխանին, որպեսզի վերջնական որոշում կայացնի:





























