Առաջիկա կիրակի Ռուսաստանի հարավում, ինչպես և Հայաստանում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում կսկսվեն «Կովկաս-2009» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։ Ռուսական շատ փորձագետներ ու նրանց արտասահմանյան գործընկերներն այն կարծիքի են, որ այս զորավարժությունները կարող են դառնալ Վրաստանի հետ հերթական պատերազմի նախերգանքը,- հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն՝ վկայակոչելով բրիտանական The Times-ը։
Հոդվածագիր Ֆիլիպ Փենքը կիսում է Վրաստանում իր գործուղումից ստացած տպավորությունները։ Նա հաղորդում է, որ Հարավային Օսիայում տեղակայված ռուսական բանակի ստորաբաժանումները գտնվում են վրացական մայրաքաղաքից մեկ ժամ հեռավորության վրա։ Իսկ դա, իբր, նույնն է, թե «ապրես Լոնդոնում, երբ ռուսական հրասայլերը Վինձորում են»,- նշում է The Times-ը։
Հետաքրքիր է, որ ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչովն այն տեսակետով, այսօր Վրաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական գործողությունների վերսկսումը «քիչ հավանական է»։
Ըստ փորձագետի, արտասահմանյան զորքերի (պարտադիր չէ ռուսական) մասնակցությամբ ռազմական հակամարտություն Վրաստանում կարող է տեղ գտնել միայն «հայկական մեծ համայնք ունեցող Ջավախքում անջատողական տրամադրությունների կտրուկ աճի» դեպքում։ Նետկաչովը հիշում է, որ երբ ժամանակին այցելել էր Ախալքալաքում տեղակայված ռուսական ռազմական բազա, «տեղի հայ առաջնորդները հայտարարում էին Վրաստանից անջատվելու և Հայաստանի կազմի մեջ մտնելու պատրաստակամության մասին»։
Մինչդեռ աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովն այն կարծիքին է, որ «Ռուսաստանի պատերազմը Ջավախքում իրատեսական չէ։ Եթե այնտեղ հակամարտություն լինի, ապա այն Մոսկվայի կողմից կլուծվի քազաքական մեթոդներով։ Ռուսաստանի ու Վրաստանի հակամարտությունը ձեռնտու է Արևմուտքին ու հենց Սահակաշվիլուն։ Այդ պատճառով են նրանք սրում իրավիճակը։ Թեպետ ես վստահ եմ, որ Մոսկվան երբեք առաջինը պատերազմ չի սանձազերծի Վրաստանի դեմ։ „Կովկաս-2009“ զորավարժություններից հետո պատերազմ չի լինի։ Ես դրանում համոզված եմ»,- հայտարարել է ռուս փորձագետը։



























