Երեւանում տրանսպորտի ոլորտի աշխատողները նոր ակցիայի են պատրաստվում ընդդեմ քաղաքապետարանի: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարել է, որ 100 դրամ սակագնով իրենք այլեւս չեն կարող աշխատել:
«Մենք ձմեռային անվադողեր գնելու փող չունենք, չխոսելով այլ ծախսերի մասին: Մեկ ավտոբուսը ձմեռային ռեժիմի բերելն արժե 580 հազար դրամ, երթուղայինինը՝ 400 հազար դրամ: Դա եւ անվադողերի գնումն է, եւ շատ այլ բաներ: Քաղաքապետարանը չի ասում, թե որտեղից վերցնենք այդ գումարը, իսկ սակագինը բարձրացնել թույլ չեն տալիս»,-ասել է «Արշակյան» ընկերության ղեկավար Աշոտ Արշակյանը:
Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ տրանսպորտի ոլորտի աշխատողները չեն հրաժարվում երթուղի դուրս գալ, բայց ուղեւորներ չեն վերցնի: «Այո, դա դեմարշ է, բայց այլկերպ հնարավոր չէ, քանի որ քաղաքապետարանը ձգձգում է մեր խնդրի լուծումը»,-ասել է նա:




























