ՍԴՀԿ-ն  վերջին չորս տարիների ընթացքում եղել է բավականին թույլ եւ խնդիր է դրված եղել ապահովել կուսակցության միասնականությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԴՀԿ նորընտիր ատենապետ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով՝ չորս տարի հետո իրենց հաջողվեց լուծել բոլոր խնդիրները եւ արդեն կուսակցությունը միակամ է:

«Մենք գնում ենք քաղաքական պայքարի ունենալով մեր գաղափարախոսությությունը, տեսլականը սոցիալական արդարության համար, օլիգարխների եւ մենաշնորհների դեմ պայքարի համար, Հայաստանի Հանարապետության շարքային քաղաքացու կողքին կանգնելու համար: Ոչ, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է փնտրի եւ գտնի Հնչակյան կուսակցությանը, այլ կուսակցությունը պետք է լինի այնտեղ որտեղ քաղաքացու իրավունքները ոտնահարվում են»,- ասաց Նարեկ Գալստյանը եւ ավելացրեց, որ խոստանում են լինել պրոակտիվ եւ վերականգնել վերջին տարիների բացթողումները:

Գալստյանը նաեւ նշեց, որ փոխատենապետ է ընտրվել Վազգեն Մեսրոպյանը, որը հալեպաբնակ է եւ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացի է դարձել: Իսկ ատենադպիր է ընտրվել Հարություն Բալաբանյանը, ով Սիրիայից է եկել Հայաստան:  Նա նաեւ տեղեկացրեց, որ չեն համագործակցելու միայն  այն քաղաքական ուժերի հետ, ում հետ ունեն գաղափարական անհամաձայնություններ եւ բերեց Լեւոն Տեր-Պետրոսյանին միանալու օրինակը: