Ուկրաինան չի ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: «Արեւելյան գործընկերության» ծրագրի երկրների հետ համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն ավարտվել է առանց Ուկրաինայի կողմից այն ստորագրելու:
ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ ԵՄ-ում նախագահող երկիր Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ավելի վաղ բազմիցս հայտարարել էին, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման վերջին ժամկետը նոյեմբերի 29-ի առավոտն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպումներ է ունենում ԵՄ ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցել են Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը, ֆինանսների նախարար Յուրի Կոլոբովը, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:





























