Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, նոյեմբերի 28-ի երեկոյան, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վաղարշյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ դանակահարություն է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.47-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 37-ամյա Արմեն Փ.-ին` դանակահարված վիճակում:   

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.50-ի սահմաններում Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց անհայտ անձը դանակով հարվածել է Արմեն Փ.-ին եւ բազմաթիվ վնասվածքներ պատճառել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: