Յունիբանկը հաջողությամբ է անցել PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը: Որպես աուդիտոր ընտրվել էր տեղեկատվական անվտանգության ոլորտում ռուսաստանյան առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկը` «Դիջիտալ Սեքյուրիթի» -ին: NEWS.am-ին Յունիբանկի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան:

Յունիբանկը, հանդիսանալով Visa միջազգային եւ ArCa լոկալ համակարգերի անդամ, սկսել է նաեւ սերտիֆիկացման գործընթացը Mastercard վճարային համակարգում: Թողարկված քարտերի քանակով  բանկն ընդգրկված է ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար հնգյակում, իսկ միջազգային քարտերի քանակով` եռյակում: Ներկայումս բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է 168 000: Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է ցանկացած դասի Visa չիպային քարտեր, այդ թվում` VISA Infinite պրեմիում քարտեր:  Յունիբանկի  քարտերի եւս մեկ առավելությունն է մուլտիարժութայնությունը, ինչը ենթադրում է տարբեր արժույթներով մի քանի հաշիվների ամրագրում հիմնական քարտին: 

«Բանկային քարտերի բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է, եւ մենք մշտապես զբաղվում ենք քարտային սպասարկման տեխնոլոգիաների կատարելագործմամբ: Յունիբանկը մշտապես առանձնացել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության ոլորտում նոր լուծումների ներդրմամբ: PCI DSS ստանդարտով աշխատանքը եւս մեկ քայլ է կառավարման գործընթացների  արդյունավետության եւ տեղեկատվական համակարգերի անվտանգության  բարձրացման ուղղությամբ», - ասել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարությունների տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: