Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն ինքնաբացարկ է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Գործը նոյեմբերի 28-ին ուղարկվել է նստավայր, որպեսզի կազմը փոփոխվի:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: Դավիթ Խաչատրյանը կալանքի տակ է:





























