NEWS.am-ը շարունակում է «Հայաստանը Արիանայի աչքերով» նախագիծը, որի շրջանակում Արիանա Կաոիլին պատմում է Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելություններից, հիմա նաեւ՝ այստեղ ապրելու եւ աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձի ու տպավորությունների մասին։
Տաքսիստների դասերը
Երեւանի շատ տաքսիստներ հայերեն կարճ եւ ընկերական երկխոսությունից հետո («ինչ կա-չկա»-ի կարգի) անցնում են սաունդթրեքին՝ ընտրված հատուկ ինձ համար (ես միշտ ենթադրում եմ, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ բարեկամական ժեստ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ իմ «ղազախական ծագման» մասին իրենց նախնական տեսությունից հեռանալու համար, որի պատճառը, ըստ ամենայնի, ռուսերենի իմ սարսափելի շեշտադրությունը եւ ասիական դիմագծերս են):
Վարորդի աջ ձեռքը նպատակամղված սահում է դեպի մեքենայի սրահի գրպանիկը՝ այնտեղից դուրս բերելով մոգական ձայներիզը՝ ասես թե դա թանկարժեք սպասքի տարր լինի՝ հատուկ հյուրի համար:
Հանկարծ հին «ռաբիզի» կամ տառապող տիկնոջ կատարմամբ ռուսական թախծոտ բալլադների շարքում արեւմտյան երկու մեյնսթրիմ փոփ կատարողների երգեր են հայտնվում. Սելին Դիոն եւ Մայքլ Ջեքսոն: Ես նրանց կարող եմ ներել այս երգիչների ընտրության համար (ինչու հենց այս, չեմ կարողանում հասկանալ) եւ իմ լավագույն օրերին գոհունակություն եմ հայտնում իմ ազգային պատկանելության հետ այդ «կապի» համար:
Ինձ ասել են, որ իմ լեզուն ավելի շատ տղայական փողոցային ժարգոնի է նման, քանի որ ավելի շատ ժարգոնի եմ տիրապետում, քան «ճիշտ հայերենի», եւ երբ տաքսիստներն առավել բարդ խոսակցական լեզվով են սկսում խոսել, ես անցնում եմ ռուսերենի, մինչ նրանք շարունակում են հայերենով: Առավել տարեցները ինձ հետ անցնում են ռուսերենի, բայց ավելի հաճախ զրույցը նման է լինում երկկողմանի փողոցի, որտեղ մեքենաները տարբեր ուղղությամբ են ընթանում:
Ամենօյա այսպիսի զրույցները ցույց են տալիս, թե որքան զարգացած են նրանցից ոմանք, ինչպես նաեւ այն, որ նրանք հակված են պաթոսի: Տաքսիստներին ընդամենը մի քանի րոպե է հարկավոր (առանց որեւէ ազդակի), որպեսզի անցյալը հիշեն՝ միաժամանակ կառուցելով ցանկալի ներկայի պատկերը եւ գուշակելով ապագան. Պատմում են՝ որքան պատվաբեր աշխատանք են ունեցել, ինչպիսին է եղել իրենց ընտանիքը, արտասահմանի իրենց հարուստ ազգականները, Ռուսաստանի տունը, Կովկասում տնտեսական վիճակի կանխատեսումներ, հաջորդ սեպտեմբերի 11-ը...
Ես էլ զուգահեռ ցավակցաբար գլխով եմ անում՝ հոգեբանի նման, որին գերավճար են տվել:
Ես ամեն օր նույն երթուղով եմ գնում, եւ հաշվիչով տաքսիների դեպքում գումարը 600 դրամ է կազմում: Սակայն ամեն ինչ բարդանում է առանց հաշվիչի տաքսիների պարագայում, երբ լավագույն մարտավարությունը հաշվելն է:
Երբ 1000 դրամ եք տալիս, երկու տեսակի արձագանք է հետեւում. նրանք ասես ուժերի ամբողջական լարումով մանր են փնտրում եւ վերջում նայում են քեզ ու ասում, թե մանրադրամ չունեն, եւ ասում են այնպիսի հայացքով, կարծես լինեն ծննդյան օրը նվերը ժամանակից շուտ բացած երեխա, ով գիտակցում է, որ դրա համար իրեն հասնող պատիժը Ձեր կողմից զուտ թեթեւ կշտամբանքն է լինելու:
Կամ էլ նրանք ուղիղ 400 դրամ վերադարձնում են: Ամենօրյա այս գործողությունը զվարճանքի է վերածվել. ես բավական տեղեկություններ եմ հավաքել՝ պարզելու համար՝ ազնիվ, թե անազնիվ է վարորդը (տալիս է 400 դրամը, թե վերցնում է ամբողջ 1000 դրամանոց թղթադրամը):
Եվ ահա ես նոր մարտավարություն եմ մշակել. տալ 800 դրամ, որն իրական արժեքից 200 դրամի կորուստ է երաշխավորում, բայց սահմանում է ձեզ խաբելու առավելագույն չափը (800-ից պակաս տալը վարորդի քրթմնջոց է խոստանում, որից ավելի լավ է խուսափել):
Սա ռիսկի նկատմամբ վերաբերմունքը վերլուծելու ծիծաղելի միջոց է. 800 դրամ խաղադրույք կատարել, որի դեպքում կորուստը կսահմանափակվի 200 դրամով: Կամ ռիսկի դիմել՝ 1000 դրամ տալով եւ իմանալով՝ կամ կկորցնեմ 400 դրամը, կամ կվճարեմ ընդամենը 600, եթե վարորդը պարկեշտ մարդ լինի:
Բայց առանց հաշվիչի տաքսիի դեպքում ամենալուրջ սխալը ուղեվարձի համար գումարի չափը հարցնելն է: Հարցին անփութորեն նետված պատասխան եք ստանում՝ 1000 դրամ, իսկ մանր պահանջելու դեպքում քիչ բանի կհասնեք: (Այո, ես փորձել եմ ասել՝ «շատ եք ասում»: Ամեն ինչ իզուր է: Ես պարտավոր էի իմանալ, որ հայերը միշտ ճիշտ են: Նրանք երբեք չեն հանձնվում): Թեեւ որոշ վարորդներ ընդհանրապես գումարը չեն վերցնում. սրտից բխած ժեստ, որը Լեւոնն ընդունում է հիացմունքով եւ անկեղծ շնորհակալությամբ:
Վարորդի ազնիվ/անազնիվ (կամ չափազանց շռայլ) վերաբերմունքը հիմնականում թույլ է տալիս կոփել անծանոթ մարդկանց բնավորությունը, որոնք պարբերաբար նրանց կողմից անփութորեն ղեկավարվող տոննանոց մետաղում իրենց կյանքը վտանգի են ենթարկում: Ես միշտ աղոթում եմ Երեւանում տաքսի նստելիս: Ես գրեթե ամեն օր ճանապարհին վթարների ականատես եմ լինում: Վախը ծնվում է նաեւ հետիոտնի դերում հանդես գալիս. փոխանակ լուսացույցին նայելու եւ փողոցն ըստ դրա անցնելու, ես քաջաբար առաջ եմ շարժվում՝ հայացքս հառած վարորդի եւ ճակատագրի աչքերին, սեղմելով ատամներս եւ խաչելով մատներս (Ես միշտ ձգտում եմ նայել այնպես, որ դիմապակու հետեւից վարորդին հաղորդագրություն փոխանցեմ. «ինչպե՞ս եք համարձակվում չկանգնել): Մինչ օրս դա աշխատել է:
Դուք միշտ կարող եք տարբերել «քյառթու» տաքսիստներին. Նրանց ճկույթի եղունգը երկար է, եւ նրանք մշտապես ցուցադրում են կրծքավանդակի մազերը: Նման վարորդներից է Արթուրը: Ես նրան հանդիպեցի մի սովորական օր, երբ Լեւոնը նստել էր մեքենայի առջեւի նստատեղում:
Հետաքրքրվելով, թե ծնունդով որտեղից եմ, նա Լեւոնին ասաց. «Չէ՞իր կարող լավ, տնական հայ աղջիկ գտնել»: Հետո շարունակեց Լեւոնի հետ վիճել նրա սխալ ընտրության մասին՝ ծաղրելով իմ բնավորությունը, ընտանիքը եւ երկիրը՝ գենետիկական ենթադրյալ դեֆեկտի հիմունքով (քննարկման այս տարածված ժանրում անձամբ իմ սիրելի արտահայտությունն է «Նա հայուհի չէ»-ն:»: Այս պնդումը մշտապես ավելի շատ որպես հարց է հնչում եւ ուղեկցվում է նույն անկեղծ անհանգստություն արտահայտող հայացքով, որով մենք նայում ենք ազարտային խաղերով տարված կամ ալկոհոլիզմից տառապող ընկերներին):
Հաջորդ անգամ մենակ նստեցի Արթուրի տաքսին: Իմ հասցեին նրա խոսքերը հիշելով՝ ես նստել էի բարկությունից եռալով եւ լուռ արհամարհանքով՝ տարված չար մտքերով (ինչպես կարող էր Քրիստոսը մեռնել քեզ նմանի համար, Աստված իմ, ով ես դու՝ հրեա, հեթանոս եւ... Արթուր):
Ռուսերենով զրույց ծավալվեց, եւ այժմ հարձակման անցնելու իմ հերթն էր:
Եթե կա մի բան, որ ես սովորել եմ այս երկրում, դա այն է, որ ըստ հայերի՝ իրենց հնարավոր չէ խորամանկությամբ գերազանցել (հաճախ այդպես էլ կա): Սակայն նրանց եւս հեշտ է խաբելը: Ինչպես խաբել հայի՞ն: Ասացեք, որ կրթված ընտանիքից եք (Ձեր հայրը մեծ նկարիչ է, մայրը՝ մտավորականի ընտանիքից կամ այս կամ այն ծագմամբ) եւ որ հաճախել եք այսինչ դպրոց եւ այսինչ շրջանի բնակիչ եք: Եվ ահա, թեեւ Ձեր վարքը հեղինակավոր չէ, Ձեզ իսկույն կհավատան: Եվ իհարկե, եթե Դուք հայ եք, Ձեր ընտանիքի անդամները պետք է անթերի ռուսերեն խոսեն: Եթե այդպես է, ուրեմն Դուք խելացի եւ դաստիարակված եք: Ես շատ հայերի գիտեմ, որոնք մարդկանց վստահում են միայն լեզվական իմացությունից ելնելով:
Այսկերպ ես խաբեցի թանկագին Արթուրին: Ի դեպ, ես պարզապես ցանկանում էի ռուսերենս ամրապնդել՝ակտիվորեն զոռ տալով երեւակայությանս, սակայն չստացվեց: Ես կյանքի բոլոր դրվագների համար պատմություններ հորինեցի (պատմություններ, որոնք հաճո կլինեին հայ մայրերի ականջին, որոնք միամտաբար ասում են. «Տղաս, ինչ լավ ընտրություն է: Եթե նրա հայրը խորհրդային տարիներին այդ գործով է զբաղվել, եւ դուստրն էլ լավ ռուսերերն գիտի, ապա նա ամենալավն է»):
Հանկարծ, որպես լուռ հաշտություն, Արթուրը հանեց թաքցրած խոնավ պոլիէթիլենային տոպրակը եւ, մեկնելով ինձ, խաղող հյուրասիրեց: Հիշելով, որ ես լավ դաստիարակություն եմ ստացել, հարգանքով հրաժարվեցի, բայց նա պնդեց: Հենց որ Դուք երեւանյան ամառային մի շոգ օր խցանման մեջ կանգնած խաղող եք կիսում ինչ-որ մեկի հետ, դառնում եք ամբողջ կյանքի ընկերներ:
Այս շաբաթ ես նստեցի դեմքով ծանոթ վարորդի տաքսի եւ որոշեցի փոխել իմ ծագման մասին խոսակցության թեման: Շրջվեցի ու հարցրի՝ «Ծնունդով որտեղի՞ց եք»: Երբ այս հարցը տալիս եմ, նկատում եմ, որ դրան հստակ պատասխանում են գյումրեցի կամ ղարաբաղցի վարորդները: Սակայն այս տաքսիստը չշտապեց պատասխանել: Ես վստահ չեմ, թե ինչու, սակայն, ի բարեբախտություն նրա, Մայքլ Ջեքսոնի երգի խորաթափանց տեքստը նրա փոխարեն պատասխանեց՝ եթե ցանկանում ես իմ եղբայրը դառնալ, կարեւոր չէ՝ սպիտակ ես, թե սեւ (if you’re thinking of being my brother, it don’t matter if you’re black or white...)
Արիանա Կաոիլի
Հոդվածը թարգմանվել է անգլերենից, բնօրինակին կարող եք ծանոթանալ այստեղ։





























