ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիմել է ԼՂՀ ղեկավարությանը, օգոստոսի 4-ին ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում նախատեսված դիտարկման իրականացմանը օժանդակելու խնդրանքով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա):

Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: