Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը քննարկման կդնի Աբովյանի առեւտրականների պահանջը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Նա նշեց, որ խնդիրը, թեեւ իրենց լիազորությունների շրջանակում չէ, բայց կքննարկեն, կտեսնեն, թե  առեւտրականների պահանջները  որքանով է օրենքի շրջանակում: «Եթե պահանջը օրինական լինի, կփորձենք օգնել»,- ասաց նա: Մարզպետը նաեւ տեղեկացրեց,  որ իր Աբովյանի օգնականը երկուշաբթի հանդիպելու է առեւտրականների հետ, որպեսզի միասին քննարկեն խնդիրը եւ տեսնեն, թ ե ինչ կարող են անել: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբովյան քաղաքում նոյեմբերի 30-ին  բազմաթիվ առեւտրականներ ցանկացել են հանդիպել  Աբովյանի  հարկային տեսչության պետ  Վարդան Սահակյանին, սակայն նա չի ընդունել բողոքի դուրս եկած առեւտրականներին:  Այս մասին NEWS.am-ին փոխանցել էին առեւտրականները:  Նրանք դժգոհում էին, որ հարկային տեսչությունը իրենց տեռորի է ենթարկում եւ իրենք չեն կարողանում  արհեստական հարկերի տակից դուրս գալ: Իսկ, երբ առեւտրականները ցանկացել են ներս մտնել աշխատասենյակ, Վարդան Սահակյանը դիմել է ոստիկանների օգնությանը եւ առեւտրականներին դուրս են հանել աշխատասենյակից: Առեւտրականները փոխանցեցել էին նաեւ, որ  դրանով ոչինչ չի ավարտվում, քանի որ իրենք դեռ նոր են սկսել իրենց պայքարը եւ թույլ չեն տալու, որ հարկային չհիմնավորված քաղաքականությամբ ծակեն իրենց  գրպանները: «Բոլորը ռեկետ են դարձել: Այսօր այս ժողովուրդը ռեկետի զոհ է դարձել կամ պետք է մեր իրավունքներին տեր կանգնենք կամ վերջում մենք էլ համալրենք սովածների շարքերը»,- նշել էին առեւտրականները եւ ավելացրել, որ փորձելու են հանդիպել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: