Լեհաստանը կդառնա ԱՄՆ-ից դուրս միակ վայրը, որտեղ կսպասարկվեն Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի PAC-3 հրթիռները, հաղորդում է Euronews-ը։
Նախագծի արժեքը գնահատվում է մոտ 1 միլիարդ զլոտի (227 միլիոն եվրո)։ Կենտրոնի տեղակայման մասին որոշումն ամերիկյան իշխանություններն ընդունել են միջազգային մրցույթից հետո, որին մասնակցել են նաև Գերմանիան, Նիդեռլանդները և Նորվեգիան։
Լեհաստանի հաղթանակի մասին X սոցիալական ցանցում հայտնել է երկրի պաշտպանության փոխնախարար Մագդալենա Սոբկովյակ-Չարնեցկան։ Նա նշել է, որ լեհական հայտն ընտրության փուլում ստացել է ամենաբարձր գնահատականը, որից հետո կողմերը մի քանի ամիս բանակցություններ են վարել։
Ելույթ ունենալով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված մամուլի ասուլիսում՝ փոխնախարարն ընդգծել է, որ նախագիծն ունի ոչ միայն արդյունաբերական, այլև ռազմավարական նշանակություն։ Ըստ նրա՝ ներդրումները հաստատում են դաշինքի միասնությունն ու միմյանց աջակցելու դաշնակիցների պատրաստակամությունը։
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը որոշումը համարել է վկայություն այն հանգամանքի, որ Վարշավան շարունակում է մնալ Վաշինգտոնի հուսալի դաշնակիցը և միջազգային անվտանգության ապահովման կարևոր գործընկերը։
Պենտագոնում ևս ողջունել են Լեհաստանի ընտրությունը։ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Մայքլ Դաֆին հայտարարել է, որ նախագիծը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի միասնությունը, պոտենցիալ հակառակորդներին զսպելու հարցում դաշնակիցների լուրջ մոտեցումն ու համատեղ գործելու պատրաստակամությունը։ Նախարարության տվյալներով՝ ներդրումները համապատասխանում են պաշտպանական ձեռնարկությունների համագործակցության վերաբերյալ պարտավորություններին, որոնք ստանձնվել են 2026 թվականի հուլիսին Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ «ՆԱՏՕ 3.0» հայեցակարգի շրջանակում։ Նախագիծը պետք է ամրապնդի տարածաշրջանի դիմակայունությունը և եվրոպացի դաշնակիցներին օգնի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական պաշտպանության համար։
Մինչև կենտրոնի աշխատանքի մեկնարկը լեհական կողմը պետք է բանակցություններ վարի PAC-3 հրթիռներն արտադրող ամերիկյան պաշտպանական և օդատիեզերական Lockheed Martin ընկերության հետ։ Սոբկովյակ-Չարնեցկայի գնահատմամբ՝ օբյեկտի գործարկման համար կպահանջվի առնվազն մի քանի ամիս։ Կենտրոնը կզբաղվի հրթիռների տեխնիկական սպասարկմամբ՝ պահպանելով դրանց սարքին վիճակն ու կիրառման պատրաստականությունը։ Գերմանիան, Նիդեռլանդները և Շվեդիան նույնպես կմասնակցեն մատակարարման շղթայի առանցքային տարրերի ինտեգրմանը։
Ձեռնարկության տեղակայումը կամրապնդի Լեհաստանի դերը եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության վերաբերյալ աճող մտահոգությունների հետնապատկերին։ Wisła ծրագրի շրջանակում Լեհաստանի զինված ուժերը ստացել են Patriot-ի երկու մարտկոց, որոնք մարտական պատրաստականության են հասել 2025 թվականի դեկտեմբերին։ 2018 թվականին Վարշավան պատվիրել է մոտ 200 PAC-3 MSE հրթիռ։ Ծրագրի հաջորդ փուլը նախատեսում է ևս վեց մարտկոցի և մոտ 600 հրթիռի ձեռքբերում, որոնց մատակարարումները պետք է ավարտվեն մինչև 2029 թվականը։
Նախագիծն իրականացվում է Լեհաստանում ամերիկյան մշտական ռազմաբազայի հնարավոր ստեղծման շուրջ քննարկումների ֆոնին։ Հունիսին Լեհաստանի կառավարությունը հավանություն է տվել այդ հարցով պաշտոնական բանակցությունների մեկնարկին, իսկ պաշտպանության նախարար Կոսինյակ-Կամիշը նշանակվել է բանակցային խմբի ղեկավար։ Նախագահ Կարոլ Նավրոցկին նոյեմբերի 3-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի օրակարգում ներառված է ամերիկյան զորքերի մշտական ներկայության քննարկումը։
Ըստ նախնական ծրագրերի՝ ռազմաբազան կարող է տեղավորել մոտ 5 հազար ամերիկացի զինծառայողի և արժենալ 15–17 միլիարդ զլոտի (3,41–3,86 միլիարդ եվրո)։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ իր վարչակազմը դիտարկում է այդ առաջարկը․ «Դա կարող է տեղի ունենալ»։ Ներկայում Լեհաստանում գտնվում է մոտ 10 հազար ամերիկացի զինծառայող՝ հիմնականում ռոտացիոն հիմունքներով։




























