Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի ինքնաբացարկը հավանաբար պայմանավորված էր օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ պաշտոնապես որեւէ որոշում չեն ստացել դրա համար, ինքնաբացարկի պաշտոնական որեւէ հիմք չեն կարող նշել: «Մոտավոր կարող եմ պատկերացնել, որ պատճառը տուժողի հետ նույն տարածաշրջանի բնակիչ լինելու հանգամանքն է»,- ասաց փաստաբանը: Դիտարկմանը, թե չէր կարող այդ դեպքում օբյեկտիվ քննություն իրականացնել, նա ասաց.«Հնչեղություն ունեցող գործ է, հնարավոր է եւ նման բան լինել, բայց դեռ պաշտոնապես, ոչ մի բան չեմ կարող ասել»: Նա նաեւ նշեց, թե չի կարծում, որ գործը Տավուշի մարզի դատարանից կտեղափոխվի, այլ դատարան:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: Դավիթ Խաչատրյանը կալանքի տակ է:





























