Նախախորհրդարանի մշակած` Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակագի Պաշտպանական ոլորտի նախագծի համաձայն`

Նոր որակի հայկական պետության համար անթույլատրելի է օտար պետության, տվյալ դեպքում` Ռուսաստանի կողմից իր սահմանների պահպանությունը, որն իրականացվում է Ռուսաստանի հատուկ ծառայության` Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջոցով: Այդ մասին ասվում է Նախախորհրդարանի հայտարարության մեջ:

«Ուստի Հայաստանում հայ ժողովրդի իշխանության վերահաստատումից հետո անհապաղ պետք է դադարեցվի Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ ուժերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի գործողությունը եւ այդ ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից:

Հայաստանում Ռուսաստանի ներկայության մյուս բաղադրիչի` Ռուսաստանի Զինված ուժերի մաս կազմող 102-րդ ռազմակայանի հետագա պահպանման նպատակահարմարության հարցը, որը որեւէ կապ չունի Ռուսաստանի սահմանապահ ուժերի առկայության հետ, պետք է քննարկվի ինքնիշխան պետության ստեղծումից հետո: Դրական մոտեցման դեպքում, հարկ կլինի վերանայել Ռազմակայանի նպատակները, խնդիրները, կազմը, կառուցվածքը եւ տեղակայման պայմանները: Մասնավորապես` դրանք պետք է բաղկացած լինեն ՀՕՊ-ի եւ ավիացիայի ուժերից, իսկ ցամաքային ստորաբաժանումները պետք է հանվեն Հայաստանի տարածքից»,- ասվում է հայտարարության մեջ: