5 մարդ զոհվել ու 50-ը վնասվածքներ են ստացել Թաիլանդում իշխանության ու ընդդիմության կողմնակիցների միջեւ բախումների ժամանակ: Երկրում արդեն մեկ շաբաթից ավելի ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են երկրի վարչապետի հրաժարականը: Ցուցարարները գրոհում են վարչական շինությունները, իշխող կուսակցության գրասենյակները, որպեսզի ստիպեն կառավարությանը զիջումների գնալ:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ոստիկանությունը մի քանի անգամ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Բանգկոկում կարգը պահպանում են նաեւ բանակային ստորաբաժանումները, սակայն նշվում է, որ զինվորները զենք չեն կրում:
Դեկտեմբերի 1-ի առավոտյան ընդդիմադիրները գրավել են Թաիլանդի պետական հեռուստատեսության շտաբ-բնակարանը: Ցուցարարները համաձայնել են լքել շենքը պայմանով, որ եթերում ցույց կտան ընդդիմության առաջնորդ Սուտեպ Թհաուգսուբանի ուղերձը: Հեռուստաընկերության ղեկավարությունը համաձայնել է պայմանին:
Նշենք, որ Թաիլանդում բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 23-ին: Մասնակիցները պահանջում են վարչապետ Յինգլակ Չինավաթի հրաժարականը, ով նախկին առաջնորդ Թաքսին Չինավաթի քույրն է: Ընդդիմությունը կարծում է, որ դե ֆակտո երկիրը վերջինս է կառավարում:





























