«Ես, նախեւառաջ, շատ հարգանքով եմ վերաբերվում լրագրողներին, եւ այն հրապարակումները, որոնք եղան իմ հասցեին, դրանք բացարձակ սուտ են»։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ասաց ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու իր մուտքը քաղաքականություն այդքան աղմկահարույց եղավ եւ արդյոք ինքն է լրագրողին վիրավորող տողերի հեղինակը։
«Ես օգտվելու եմ իմ իրավունքից, ես արդեն ադեկվատ պատասխանել եմ հրապարակային եւ մոտ ապագայում ես օգտվելու եմ իմ իրավունքից եւ դիմելու եմ դատական ատյաններին»,- ասաց Լ. Դոխոլյանը։
Նշենք, որ դեռ պատգամավոր չդարձած Լեւոն Դոխոլյանն հայտնի է իր սկանդալային ստատուսներով՝ ուղղված լրագրողներին: Երբ «Ժողովուրդը» գրել էր, որ Լեւոն Դոխոլյանը իր հարեւանների շրջանում հայտնի է «Քույրիկ Լեւոն» ածականով, վերջինս այսպես էր արձագանքել. «Աստված մի արասցե մի օր «Ժողովուրդի» լրագրողուհին հանդիպի ինձ` նա անվարան կճաշակի իմ` տղամարդ լինելու անհերքելի փաստը` բոլոր հաճելի հետեւանքներով»:
Հիշեցնենք, որ Լեւոն Դոխոլյանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քրոջ դստեր ամուսինն է։
P.S. ԱԺ նիստերի դահլիճից Լ. Դոխոլյանը դուրս եկավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի եւ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ուղեկցությամբ եւ փորձեց շրջանցել լրագրողներին, օգտվելով այն հանգամանքից, որ Հ. Բիշարյանն ասաց, որ պարոն Դոխոլյանը չի պատասխանում հարցերի։ Լ. Դոխոլյանը կանգնեց եւ սկսեց խոսել միայն այն ժամանակ, երբ լրագրողներից մեկն ասաց. «Պարոն Դոխոլյան, տիկին Բիշարյա՞նն է ձեզ ասելու, թե ինչ պետք է անեք»։





























