Մեկնարկել է 2013թ. ձմեռային զորակոչը: Այսօր` դեկտեմբերի 2-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: «Զորակոչն առավել օրինական, արդար եւ թափանցիկ ապահովելու նպատակով, այս տարի առաջին անգամ նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները եւ անօրինական գործողությունները:

ՀՀ զինված ուժերում ծառայելը, եւ սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: Ուստի կոչ ենք անում ողջ ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը՝ զերծ մնալով զանցանքներից:

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության եւ իրավապահ մարմինների կողմից:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82, 010-52-34-86 հեռախոսահամարներով»,- ասվում է հայտարարության մեջ: