Ղրիմի խորհրդարանն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` երկրում կարգուկանոնը վերականգնելու համար, հարկ եղած դեպքում չվարանելով արտակարգ դրություն հայտարարել:

Այս մասին ասված է Ղրիմի Գերագույն խորհրդի դիմումի մեջ, հայտնում է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի մամուլի կենտրոնը, հաղորդում է «Ուկրինֆորմը»:

Ղրիմի պատգամավորները նախագահին կոչ են արել «կատարել  սահմանադրական պարտքը եւ  դադարեցնել ապօրինությունն ու ամենաթողությունը», - նշվում է փաստաթղթում:

Մինչդեռ Ուկրաինայի Լվովի մարզում համընդհանուր գործադուլ է հայտարարվել: Լվովի մարզխորհրդի նախագահ Պյոտր Կոլոդինն ընդգծել է, որ «մարզը Կիեւ է ուղարկում առավելագույն թվովմարդկանց` «եվրոմայդանին» աջակցելու»:

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին  իր facebook-յան էջում գրել է, որ Եվրոմայդանի դեմ բռնության  դեպքում  «Բերկուտի» դեմ դուրս կգա ամբողջ քաղաքը, հաղորդում է «Սեգոդնյան»:

«Ինտերֆաքսը» փոխանցում է, որ Իվանո Ֆրանկովսկի քաղաքապետ Վիկտոր Անուշկեւիչուսն իր տեղակալների հետ դեկտեմբերի 2-ից չվճարվող արձակուրդ են մեկնել` «կատարելով դեկտեմբերի 1-ին մարզպետարանի առաջ բազմահազար հավաքվածների կամքը»: