ՍԴՀԿ ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիները պետք է շնորհակալ լինեն համանախագահող երկրներին՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքները գաղտնազերծելու համար:

Ըստ Շիրխանյանի՝ դեռ անցած տարի, երբ հայաստանյան օրաթերթերից մեկը հրապարակել էր այդ սկզբունքները, գործող իշխանությունը կոկորդ էր պատռում, թե հրապարակածը որեւէ կապ չունի Մադրիդյան սկզբունքների հետ, իսկ այժմ իշխանությունները լռություն են պահպանում: Ինչեւէ, Շիրխանյանը նկատեց, որ սկզբունքները կիսատ են գաղտնազերծվել եւ հիշեցրեց, որ կետերից մեկով պարտադրվում էր ԼՂ-ին ազատագրված տարածքներում շինարարություն չանել եւ չբնակեցնել այդ տարածքները: «Հանել են արդյո՞ք այդ կետը, թե՞ ոչ»,- հարցրեց Շիրխանյանն ու հավելեց, թե Մադրիդյան փաստաթուղթը միակողմանի զիջումների փաստաթուղթ է, եւ Հայաստանի ու Ղարաբաղի առջեւ ծառացած վտանգը կանխելու համար Հայաստանում առկա բոլոր առողջ ուժերը պետք է միավորվեն: «Արցախը թողնել Ադրբեջանին, տարածքները հանձնել նրա վերահսկողության տակ, նշանակում է կորցնել, կործանել Հայաստանը»,- նկատեց Շիրխանյանը: Վերջինս նաեւ հավելեց, թե սկզբունքները գաղտնազերծողները բոլորովին էլ միամիտ չէին եւ ցանկանում էին իրենց քայլով տեսնել՝ արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է զիջումների: «Գաղտնազերծողները դա անելուց հետո տեսան, որ հայ ժողվուրդը դեռ պատրաստ չէ զիջումների, պատրաստ չէ պարտությունն ընդունել, եւ փառք Աստծո՝ կա մի զանգված, որ պատրաստ է պայքարել, բայց ցավոք այդ զանգվածը մաշվում է: Դրա համար հենց այսօր պետք է պայքարել»,- ասաց Վահան Շիրխանյանը: