Ընդդիմության մոտ 100 ակտիվիստներ, նաեւ Հայ ազգային կոնգրեսին առընթեր գործող Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն այս պահին բողոքի գործողություն են իրականացնում Պետական ֆիլհարմոնիայի շենքի առջեւ, որտեղ կայանալու է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համագումարը:

Ընդդիմության մի շարք երիտասարդ ակտիվիստներ, նաեւ մի խումբ իրավապաշտպաններ, ժամանել են բանտային հագուստներով՝ այդ կերպ վկայելով երկում քաղբանտարկյալների առկայության մասին:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն եւ ՀԱԿ-ը հուսով են, որ մի քանի օր տեւող համագումարի մասնակիցները համապատասխան հայտարարություն կընդունեն Հայաստանում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ:

Ընդդիմադիրներն իրենց բողոքի գործողությամբ նաեւ ցանկանում են համագումարի մասնակիցներին ներկայացնել մարդու իրավունքների իրական վիճակը Հայաստանում, եւ օտարերկրյա պատվիրակությունների անդամներին են հանձնում նյութեր՝ մեր երկրում քաղաքական հետապնդումների վերաբերյալ: