Ուկրաինան Ստամբուլում գերագույն հյուպատոսի պաշտոնից հետ է կանչում Բոգդան Յարեմենկոյին: Այս մասին Յարեմենկոն ինքը տեղեկացրել է Facebook-ում՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Լենիդ Կոժարայից ստացած նամակը:

 «Ձեր արտասահմանյան գործուղումը Ուկրաինայի գլխավոր հյուպատոսի պաշտոնում ավարտված է, - ասված է նամակում: Խնդրում եմ ձեւակերպել անհրաժեշտձեւականությունը եւ մինչեւ ս/թ. դեկտեմբերի 7-ը վերադառնալ Ուկրաինա»:

Նոյեմբերի 30-ին Յարեմենկոն կտրուկ քննադատել էր ուկրաինական «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի գործողությունները, որը Անկախության մայդանում ցրել էր  եվրաինտեգրմանն աջակցող ցույցը, հայտնում է «lenta.ru»-ն: Նա հատուկ նշանակության ջոկատայիններին համեմատել էր «դահիճների» եւ «ֆաշիստների» հետ: Նա հայտարարել էր, որ  ցրողները ստորացրել էին իրավապահ մարմիններին եւ խայտառակել իշխանությանը: Վերջում  գրառման հեղինակը, նշելով, որ  «ամեն խայտառակություն չէ, որ կարելի է մաքրել առանց արյան», «Բերկուտի» հրամանտարներին խորհուրդ է տվել «ճիշտ կիրառել» իրենց ծառայողական զենքը:

Մեկնաբանելով իր հրաժարականը` Յարեմենկոն գրել է, որ տուն վերադառնալուն պես պատրաստվում է «հավաքել իրերը եւ գնալ մայդան»: