Վերաքննիչ դատարանը այսօր՝  դեկտեմբերի 2-ին, մերժել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու խնդրով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Արա Զաքարյանը:

Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանի այս որոշումը նրանք կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում: Նա զերծ մնաց որոշմանը գնահատական  տալուց՝ հավելելով, որ որոշումը կստանա, կծանոթանա պատճառաբանական մասին, այդ ժամանակ կարծիք կհայտնի: Արա Զաքարյանը փոխանցեց, որ Վոլոդյա Ավետիսյանի առողջական վիճակը նորմալ է:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: