Կենսաթոշակային ռեֆորմի հաջողության միակ գրավականն անվերապահ վստահությունն է կառավարության ծրագրի նկատմամբ: Հայաստանի կառավարությունն այդ վստահությունը չունի, եւ արդեն միայն այդ պատճառով ռեֆորմը դատապարտված է տապալման: Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ խոսելով Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին:
«Եթե այս կառավարությանը թույլ տրվի իրականացնել այս ռեֆորմը, ապա միակ արդյունքը լինելու է դրա հիմքում ընկած լավ գաղափարների վարկաբեկումը, համատարած հիասթափությունը եւ արտագաղթի խորացումը»,- նշել է նա:
Ըստ Զուրաբյանի, պարտադիր վճարումների այս ռեֆորմը նաեւ վաղաժամ է. ոչ ոք չի զբաղվում իր բնակարանի նորոգմամբ հրդեհի ժամանակ: «Մենք այսօր պետք է նախ եւ առաջ հանգցնենք մեր բնակարանը մոխրի վերածող հրդեհը: Այս ռեֆորմը կարելի է կատարել միայն՝ հաղթահարելով քրեաօլիգարխիկ համակարգի հետեւանքով ստեղծված տնտեսական ճգնաժամը եւ արտագաղթը:
Ուստի առաջարկում ենք հետաձգել օրենքի կիրառումը 1 տարով եւ ձեռք բերված ժամանակը օգտագործել կուտակային հիմնադրամների պարտադիր բաղադրիչը չեղյալ համարելու փոխզիջումային լուծում գտնելու վրա: Հայ ազգային կոնգրեսը կողմ է քվեարկելու նախագծին»,- նշել է նա՝ կոչ անելով ժողովրդին պայքարել իր իրավունքների համար: «Իշխանությունը չի նահանջի, մինչեւ տասնյակ հազարավոր մարդկանց չտեսնի փողոցում: Հաջողության բանալին՝ ԱԺ չորս խմբակցության եւ հրապարակում կանգնած ժողովրդի համակարգված եւ համախմբված պայքարն է»,- արձանագրել է Զուրաբյանը:





























