Իտալական Տոսկանայի Պրատո քաղաքում կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է առնվազն յոթ մարդ, եւս չորսը հիվանդանոց են տեղափոխվել:

Կրակը բռնկվել է քաղաքի ծայրամասում գտնվող կարի ֆաբրիկայի միահարկ տարածքում, որը պատկանել է չինացիների: Կրակի պատճառով փլուզվել է շենքի այն հատվածը, որը բանվորների համար որպես հանրակացարան է ծառայել: Այս մասին հաղորդում է «Իտալիա պո-ռուսսկի» կայքը:

Հրդեհը սկսվել է ձեղնահարկում, որտեղ քնած է եղել  11 մարդ, հաղորդում է ВВС Ուկրաինան: Հրդեհի ականատես Լեոնարդո Տուցին տեղական լրատվամիջոցներին պատմել է, որ տեսել է ֆաբրիկայի շենքից բարձրացող ծուխը ու լսել է բանվորների՝ օգնության կանչող ձայները: Կրակն այնքան ուժեղ է եղել, որ նա շինության ներսում ոչինչ չի կարողացել տեսնել: