Սխալմամբ Կիեւից Բաքու ուղարկված 22-ամյա Ասատուր Խաչատրյանի մայրը՝ Անուշ Խաչատրյանը, Կիեւի օդանավակայանի անձնակազմից բողոք եւ պահանջ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Անուշ Խաչատրյանը:
«Ոչ մի բողոք պահանջ չունեմ: Կարեւորը իմ տղան հետ է եկել: Փառք Աստծո, իմ երեխան լավ է ուրիշ ոչ մի բան չեմ ուզում»,- ասաց Ասատուրի մայրը:
Հարցին, թե հնարավո՞ր է սպառնալիքներ են եղել կամ ինչ-որ մեկը խնդրել է, որ բողոք չներկայացնեն, երիտասարդի մայրը պատասխանեց. «Չէ, ինձ ոչ մեկը չի դիմել եւ չի նեղացրել, ուղղակի ես չեմ ուզում: Կարեւորը իմ տղան իմ կողքին է ուրիշ ոչ մի բան չեմ ուզում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կիեւից Բաքու ուղարկված 22-ամյա Ասատուր Խաչատրյանի հարազատները մինչեւ հիմա չգիտեն, թե որն էր թյուրիմացության պատճառը, որի հետեւանքով իրենց որդին հայտնվել էր Բաքվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ասատուր Խաչատրյանի մայրը` Անուշ Խաչատրյանը: Նա նշել էր, որ մինչեւ հիմա իրենց ոչ փոխհատուցել են բարոյական վնասի համար, ոչ էլ՝ ներողություն խնդրել:
Ավելի վաղ Անուշ Խաչատրյանը պատմել էր. «611 չվերթի փոխարեն 601 են գրել: Երբ բարձրացել է ինքնաթիռ, նոր է հասկացել, որ Բաքու է թռչում: Ասել են` ոչինչ, դու գնա Բաքու, մենք քեզ Երեւան կճանապարհենք: Օդանավակայանում, որ հարցնեք, կպատմեն իմ վիճակը: Հոգեկանս խախտվել էր, գիտակցությունս կորցրել էի: Ում ուղեղի մեջ կտեղավորվի, որ որդին գնա իրա ոտքով թուրքի մոտ գերի ընկնի: Բա ծնողը ո՞նց կարար այդ ցավին դիմանալ: Փառք Աստծո, այս ամենը լավ ավարտ ունեցավ Կարմիր խաչի անմիջական աջակցությամբ»:
Օրեր առաջ էլ AnalitikaUA.net-ը տեղեկացրել էր, թե Կիեւի մարզի դատախազությունը լրացուցիչ ստուգում է իրականացրել եւ բացահայտել բոլոր մեղավորներին եւ սահմանել նրանց պատասխանատվության ենթարկելու միջոցները:





























