38-ամյա Կարեն Հ.-ն մեղադրվում է երկու կանանց ծեծելու մեջ: Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ,ո ր սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 38-ամյա Կարեն Հ.-ն , այս տարվա օգոստոսի 3-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել Շահլավադ Ա.-ին եւ Վարդուհի Ա.-ի դեմքին:
Քրեական գործ է հարուցվել 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով:
Քրեական գործ է հարուցվել նաեւ 118 հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























