Երեւանի հետ հարաբերությունները Մոսկվայի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են: Այս մասին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը:
Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ Մոսկվայում Երեւանի օրերի անցկացումը մեկ անգամ եւս փաստել է երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակն ու նաեւ ընդգծել, որ Երեւանի եւ Մոսկվայի փոխգործակցության նոր համաձայնագրով նոր թափ կհաղորդվի երկուստեք համագործակցությանը. «Մոսկվայի քաղաքապետի հետ մենք ստորագրեցինք Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել եւ առավել ընդլայնել առկա համագործակցությունը: Վստահ եմ, որ արդեն առաջիկայում նախանշված բոլոր ուղղություններով մենք կունենանք շոշափելի արդյունքներ: Մոսկվան Երեւանի համար իսկապես վստահելի գործընկեր է, եւ մենք բարձր ենք գնահատում երկու մայրաքաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ուղղված Մոսկվայի կառավարության ջանքերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինն իր հերթին վստահեցրել է, որ Երեւանի հետ հարաբերությունները Մոսկվայի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են, եւ ընդգծելով երկարամյա արդյունավետ համագործակցության փաստը՝ համոզմունք է հայտնել, որ այն էլ ավելի ընդլայնվելու եւ զարգանալու ներուժ ունի. «Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Դա նպաստել է, որ մենք այսօր ունենանք ոչ միայն գործընկերային, այլ նաեւ ջերմ բարեկամական հարաբերություններ: Եվ ես նույնպես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ 2014-2016 թվականների համագործակցության ծրագրով նոր լիցք կհաղորդվի երկու մայրաքաղաքների գործընկերային հարաբերություններին»,- նշել է Սերգեյ Չերյոմինը:
Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի եւ Մոսկվայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերգեյ Չերյոմինին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:





























