Երկու քաղաքների համատեղ ջանքերի շնորհիվ Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի հարաբերություններն այսօր գտնվում են ամուր հիմքերի վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Միխայիլ Մոկրեցովի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ առանձնակի կարեւորելով Երեւանի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքների միջեւ ձեւավորված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները, ընդգծել է, որ այս տեսանկյունից հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իրապես օրինակելի է. «Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում եւ, հաշվի առնելով երկուստեք ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված եւ արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, որ մենք կյանքի կկոչենք բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել ենք: Համոզված եմ նաեւ, որ մեր այս հանդիպումը գործնական նոր որակ կհաղորդի Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ կառուցողական ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Միխայիլ Մոկրեցովն իր հերթին ընդգծել է, որ Երեւանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար մշտապես եղել են կարեւոր ու հեռանկարային. «Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ Երեւանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաեւ որպես գործընկեր քաղաք, ու մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերության նպատակային այն մոտեցումները, որոնք ակնհայտորեն դրսեւորվում են Ձեր կողմից ու այդպիսով էլ ավելի ամրապնդում երկուստեք փոխշահավետ մեր հարաբերությունները»,- նշել է Միխայիլ Մոկրեցովը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր:





























