Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, մասնակցել են Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպման գործում ներգրավված բոլոր կողմերին. «Մեր երկրների տարածաշրջանների միջեւ ֆորումի եւ ցուցահանդեսների  անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Դրանք կարեւոր օղակ են միջպետական հարաբերությունների շղթայում, որոնք համալրում են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը եւ նպաստում երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը»:

Ընդգծելով, որ այսօրվա դրությամբ ՌԴ երկու տասնյակ տարածաշրջանի հետ ստորագրված է շուրջ 30 համաձայնագիր՝ վարչապետը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրության ընդլայնումը եւ արդյունավետության բարձրացումը, իրավական դաշտի կատարելագործումը: «Ֆորումի եւ ցուցահանդեսի անցկացումը պետք է նպաստեն գործարար կապերի հաստատմանը, դրա արդյունքում՝ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանը: Եվ առաջին հերթին դրանից պետք է օգտվի փոքր ու միջին բիզնեսը: Տարածաշրջանում Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում Doing Business-ի համար բարենպաստ միջավայրի պայմաններով, եւ  ռուսաստանյան գործարարները պետք է օգտվեն այդ հանգամանքից»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ անդամակցությունը Մաքսային միությանը, ինչպես նաեւ Եվրոպական միության եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու եւ գործարարությամբ զբաղվելու համար:

Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այս ցուցահանդեսին ՌԴ ութ նահանգապետերի մասնակցությունը վկայում է նաեւ տարածաշրջանների մակարդակով հայ-ռուսական փոխհարաբերությունների արդյունավետության, միջմարզային կապերի սերտացմանը ցուցաբերվող ուշադրության եւ պատասխանատվության մասին:

Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը եւ Մաքսիմ Սոկոլովը շրջել են ցուցահանդեսին մասնակցող տաղավարներով, ծանոթացել Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների, ինչպես նաեւ մասնավոր ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին:

ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ցուցահանդեսի մասնակիցներին մաղթել են բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանք:

Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում անցկացվող ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի 10 մարզերը եւ Ռուսաստանի 9 նահանգները, ինչպես նաեւ մասնավոր ընկերություններ: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել մինչ օրս ունեցած ձեռքբերումները եւ քննարկել առաջիկա անելիքները՝ առկա ներուժը բացահայտելու եւ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Միջոցառման շրջանակում անցկացվելու է 9 կլոր-սեղան տարբեր թեմաներով՝ սկսած ինտեգրացիոն գործընթացների ավարտած կոնկրետ ոլորտային ծրագրերի քննարկմամբ: