Բնապահպանության նախարարության նախորդ օրերի ընթացքում արագ արձագանքման խումբը հայտնաբերել է 12 խախտման դեպք, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Հաշվետու ժամանակահատվածում Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների հայտնաբերած խախտումների քննության արդյունքում կայացվել են 900.0 հազար դրամի վարչական իրավախախտման համար տուգանքների որոշումներ եւ հաշվարկվել է 740.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության  կիրառած պատժամիջոցներից  պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1 մլն 571.5 հազար դրամ գումար:                                    

Լոռիի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության խախտման գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 540.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 80.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   Արմավիրի ստորաբաժանումը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործի քննության արդյունքում  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի   որոշում:

Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված հանքանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Երեւանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավվել է 56 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երեւանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի երկու դեպքի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.  գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 15.4կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ, իսկ հայտնաբերված  տիրազուրկ  10.0 կգ. «կարաս» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին:

Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում  առգրավվել է  տիրազուրկ չորս խեցգետնաորսիչ, իսկ առգրավված 3.5 կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել  ջրամբար: