Կիեւում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին դեկտեմբերի 3-ի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Անդրադառնալով հարցին, թե Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ղարաբաղյան հակամարտության խնդրում նկատվում է արդյոք բեկում, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ տվյալ հանդիպում է գնահատվում է որպես կառուցողական:
Նա հիշեցրել է, որ հանդիպման ընթացքում նախագահները արտգործնախարարներին հանձնարարել են բանակցությունները շարունակելու առաջին իսկ հարմար առիթից օգտվել:
Հայաստանի արտգործնախարարը նաեւ նշել է, որ նախագահների մակարդակով հանդիպումը 2012թ.-ից հետո առաջինն էր՝ հավելելով, որ հանդիպումների բացակայությունը Հայաստանի մեղքով չէր:
«Մի քանի փորձեր էին ձեռնարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Վերջին փորձը ձեռնարկվել էր հունիսին, անգամ տեղն ու ամսաթիվն էր որոշվել: Սակայն երկու-երեք օր առաջ ադրբեջանական կողմը հրաժարվել էր», - նշել է նա:
Արտգործնախարարը նշել է, որ Վիեննայում կայացած նախագահական հանդիպումը նոր հնարավորություններ է ստեղծում. «Առաջին նման հնարավորությունը կստեղծվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում, որի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է նախատեսված: Մենք կփորձենք հնարավորությունների սահմաններում բանակցությունները տեղից շարժել: Իհարկե, կարեւոր է, որպեսզի երկու կողմերն էլ հակամարտության կարգավորման ցանկություն ունենան: Սակայն կարեւոր է նաեւ, որպեսզի կողմերը հակամարտության կարգավորման իրատեսական մոտեցում ունենան:
Նման իրատեսական մոտեցումը կարող է հիմնվել համանախագահների առաջարկությունների եւ սկզբունքների վրա, որոնք կան նախագահների մակարդակով ընդունված հայտարարություններում», - նշել է Նալբանդյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանն աջակցում է տվյալ հայտարարություններում ամրագրված առաջարկները եւ սկզբունքները, եւ եթե ադրբեջանական կողմը նույնպես հետեւի այդ մոտեցմանը, ապա հնարավոր կլինի առաջ տանել բանակցային գործընթացը եւ մոտենալ հակամարտության կարգավորմանը:





























