Երբ ընդդիմությունը «հարսի» դերում էր, Հայաստանում այնպիսի իրադարձություններ էին տեղի ունենում, որ երկրում ոչինչ չի մնացել: Այս մասին դեկտեմբերի երեքին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության քարտուղարի հայտարարություններն այն մասին, որ իշխող կուսակցությունը նման  է վատ հարսի:

«Կարծում եմ, որ երբ նրանք «հարսի» դերում էին, այնպիսի իրադարձություններ էին տեղի ունենում, որ անգամ հարսն էր առանց մաշկի մնացել»,-հեգնել է Սահակյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ անդրադառնալով Հայաստանի կողմից Ռուսաստանին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի քսան տոկոսը վաճառելուն՝ ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը նման է վատ հարսի, որը փոխանակ ունեցվածքը ավելացնելու, վաճառում է տան ունեցվածքը:

«Իշխանությունները վաճառում են Հայաստանի ունեցվածքը: Մեր իշխանությունը նման է վատ հարսի, ունեցվածքը չի ավելացնում, այլ վաճառում է արդեն եղածը: Դուք ի վիճակի չեք որեւէ լավ բան անել, եթե անգամ ուզենաք: Լավ արարքների, վստահության ու քվոտաների ձեր վերջնագիծը դուք հատել եք: Եթե անգամ ցանկանաք, չեք կարող անել»,-ասել է ընդդիմադիրը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am