«Ժամանակ» թերթը գրում է. «Միասնական քննչական մարմնի ստեղծումը դեռեւս իրականություն չի դառնում, վերջին շրջանում դրա հետ կապված գործընթացները կարծես թե դանդաղել են: Արդեն տարեվերջ է, սակայն դրա ստեղծման հետ կապված օրինագիծը կամ օրինագծերի փաթեթը չի ներկայացվել Ազգային ժողով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ավարտից հետո Սերժ Սարգսյանը ստորագրեց Միասնական քննչական մարմին ստեղծելու մասին կարգադրություն, որի համաձայն՝ ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որն էլ պետք է մշակեր այդ կառույցի ստեղծման հետ կապված բոլոր իրավական նախագծերը: Հանձնաժողովի նախագահ էր նշանակվել նույն Ա. Հովսեփյանը, ով հետագայում պետք է ղեկավարի այդ քննչական մարմինը: Ս. Սարգսյանի կարգադրության մեջ, սակայն, այդ մարմնի գործունեությունը սկսելու վերաբերյալ կոնկրետ ժամկետներ նշված չեն:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ այդ հանձնաժողովը մշակել եւ իրենց է հանձնել այն օրենսդրական փաթեթը, որն էլ պետք է քննչական մարմնի ստեղծման համար իրավական դաշտ ապահովի: Նրա խոսքերով՝ օրենսդրական այդ փաթեթը բավականին ծավալուն է, իրենք աշխատում են դրա վրա, բայց դեռ պարզ չէ, թե երբ այն կավարտեն եւ կներկայացնեն կառավարության դատին, այնուհետեւ նաեւ՝ Ազգային ժողով: Նախապես, սակայն, իշխանությունները մտադիր էին այդ գործընթացն այնքան արագ կազմակերպել, որ Միասնական քննչական մարմինն իր աշխատանքները սկսեր ամանորյա տոներից հետո՝ 2014թ. հունվարի 10-ից: Չի բացառվում, սակայն, որ դա ոչ այնքան իշխանությունների, որքան Ա. Հովսեփյանի ցանկությունն է եղել, որ հնարավորինս շուտ կրկին պաշտոն զբաղեցնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























