Կիեւի դատարանը դեկտեմբերի 3-ի երեկոյան վճռել է երկու ամսով կալանավորել դեկտեմբերի 1-ին փողոցային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված եւ խռովությունների կազմակերպման մեջ կասկածվող բոլոր ինը անձանց:

Նրանք մեղադրվում են «զանգվածային անկարգությունների կազմակերպում» հոդվածով,  որը նախատեսում է մինչեւ ութ տարվա ազատազրկում:

ՈՒՆԻԱՆ-ը հայտնում է, որ դատարանը վճռել է քննության ընթացքում կալանքի տակ թողնել Յուրի Բոլոտովին, Չերեպկովին եւ եւս մեկ երիտասարդի, որի անուն չի հրապարակվում, ինչպես նաեւ Չերեպկո ազգանունով մի մարդու, որին կալանավորել էին Լենինի հուշարձանի մոտ: Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ պատգամավոր Ալեքսանդր Սոլոնենկոյի կալանավորման մասին։

Բացի դրանից, կալանք է կիրառվել նաեւ Յարոսլավ Պրիտուլենկոյի նկատմամբ, որը ոստիկանների վրա էր հարձակվել եւ իր մոտ ունեցել էր դանակ ու պայթուցիկ: Ըստ քննության վարկածի` Պրիտուլենկոն գործել է 300-500 մարդկանց խմբում, որոնք ծեծել են իրավապահ մարմինների 70 աշխատակցի: 

Ավելի վաղ Կիեւում «անկարգությունները նախաձեռնողների» շարքում Ուկրաինայի ՆԳՆ-ն թվել էր նաեւ «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Իգոր Միրոշնիչենկոյի, ինչպես նաեւ Անդրեյ Ֆեշուկի եւ Դմիտրի Կորչինսկու գլխավորությամբ  «Բրատստվո»-ի անդամների անունները: Ավելի ուշ ոստիկանությունից հայտնել էին, որ  Կորչինսկին կասկածյալի կարգավիճակ չունի, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Մեղադրող կողմը հիմնվել է տուժած ոստիկանների ցուցմունքների վրա: