Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Կիեւում բողոքի ցույցերի ժամանակ լրատվամիջոցների աշխատողների վրա հարձակվելու վերաբերյալ բոլոր հայցերով: Ոստիկանությունը լրագրողներին ծեծելու դեպքերի մասին 26 բողոք է ստացել: Տուժածների անունները չեն հրապարակվում:
Բացի դրանից, ոստիկանությունը Կիեւի փողոցներում իրադարձությունները լուսաբանող լրագրողներին վառ լուսարձակող բաճկոնակներ է տվել` «Մամուլ» գրությամբ: Ուկրաինայի ՆԳՆ-ի Facebook-ի էջում հաղորդվում է, որ բաճկոնները լրատվամիջոցների աշխատակիցներին ավելի նկատելի կդարձնեն, դա թույլ կտա նվազեցնել նրանց պատահաբար մարմնական վնասվածքներ պատճառելու հավանականությունը, հայտնում է «korespandent.net»-ը` վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ն:
Լրատվամիջոցների եւ սոցցանցերի տեղեկությունների հիման վրա ուկրաինացի լրագրող Զոյա Կազանժիի կազմած տուժած լրագրողների ցուցակում կա հիսունից ավելի անուն: Ընդ որում` նրանց մեծամասնությունը ծեծի են ենթարկվել «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատայինների կողմից: Ծեծի են ենթարկվել նաեւ օպերատորները եւ լուսանկարիչները, որոնցից ոստիկանությունը պահանջել էր դադարեցնել նկարահանումները, ընդ որում` նրանց տեսախցիկները հաճախ կոտրել էին:
Ուկրաինացի լրագրողներից բացի տուժածների շարքում են հայտնվել Reuters, Associated Press, Agence France-Presse եւ European Pressphoto Agency միջազգային գործակալությունների աշխատակիցները, ինչպես նաեւ ռուսաստանցի լրագրողները:





























