Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ բանկերից մեկում ամուսնու հաշվի համարի վրա եղած 120 հազար դրամի կալանքը հանելու համար ԴԱՀԿ Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակից Գեւորգ Հարությունյանն իրենից որպես կաշառք պահանջում է այդ գումարի կեսը` 60 հազար դրամ:

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության եւ Մալաթիայի բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, դեկտեմբերի 3-ին Երեւանի Մանանդյան փողոցի բակերից մեկում, իր անձնական «Մերսեդես Е320» մակնիշի ավտոմեքենայի սրահում, քաղաքացուհուց 60 հազար դրամ կաշառք ստանալու փաստով մերկացրել են ԴԱՀԿ ծառայության աշխատակից, հարկադիր կատարող Գեւորգ Հարությունյանին:

Նշված ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել ու արձանագրվել է կաշառքի առարկա 60 հազար դրամը:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: