Անհայտ քաղաքացին դեկտեմբերի 1-ին, ժամը 21.40-ին, զանգահարել էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Երեւանի համակարգչային խանութներից մեկից բջջային հեռախոսներ են գողացել եւ փախուստի դիմել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.20-ին, երեք անձինք` դանակներով զինված, մտել են նշված հասցեի նկուղային հարկում գտնվող, Ա. Բ.-ին պատկանող համակարգչային խանութ-սրահ եւ Ա. Բ.-ին ու Գ. Մ.-ին պլաստմասե ամրանով կապելով աթոռից` հափշտակել են 15 հատ «Նոութբուք» եւ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ` պատճառելով 3.030.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի եւ Բագրատաշենի անցագրային կետի սահմանապահ զորքերի ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 2-ին, ժամը 18.05-ին, Բագրատաշենի անցագրային կետից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Այվազ Ի.-ին, 1990 թ. ծնված Նիկա Ղ.-ին, 1990 թ. ծնված Գագա Կ.-ին եւ 1953 թ. ծնված Սուրիկ Խ.-ին:

Գողոնն առգրավված է:

Այվազ Ի.-ն, Նիկա Ղ.-ն եւ Գագա Կ.-ն ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն: