Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով Տաթեւ Հակոբյանը շարունակում է գտնվել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբյանների փաստաբան Մարատ Գինոսյանը:

Նա նշեց, որ դեռ հայտնի չէ՝ երբ Տաթեւ Հակոբյանը դուրս կգրվի հիվանդանոցից: Փաստաբանի տեղեկություններով՝ Պետրոսյանի ընտանիքից որեւէ մեկը չի հանդիպել Հակոբյանների հետ:

Ինչ վերաբերում է վթարի մոդելավորման 3D տարբերակին եւ հնարավոր հաշտությանը, Մարատ Գինոսյանը դա հավանական չի համարում:

«Չեմ կարծում, ինչ հաշտության մասին է խոսքը: Դա իրավաչափ, օրենքով ձեռք բերված ապացույց չէ, ավտոտեխնիկական փորձաքննություն է նշանակվել, ես դա եմ ընդունում»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է վթարի մոդելավորման 3D տարբերակը, բայց եթե գործը փակվի, այն չեն ներկայացնի հանրությանը: «Մենք սկզբից այն ցանկանում ենք ներկայացնել տուժող կողմին, այնուհետեւ քննարկենք որոշակի ժամկետում, թե ինչ անենք: Եթե նպատակը օբյեկտիվ ճշմարտությունն էր, մենք այն բացահայտել ենք, եթե կասկածներ կան, մենք կարող ենք ուղղորդել, որ իրենք դիմեն մի հեղինակավոր կազմակերպություն եւ իրենք մոդելավորեն վթարը: Այդ ծրագիրը թույլ չի տալիս որեւէ խեղաթյուրում անել, դու ընդամենը տվյալներն ես տեղադրում: Եթե տուժող կողմը համաձայնի, որ դա է ճշմարտությունը եւ գործը փակվի, մենք այն չենք հրապարակի: Մեր նպատակն է, որ տուժողին վնաս չպատճառենք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: