2013թ. փետրվարի 25-ին բակում խաղալու ժամանակ իբր առեւանգված  փոքրիկի ` 2-ամյա Սուսաննա Թիֆիլյանի հարազատները դեռ չգիտեն, թե ով է եղել իրենց հետ նման չար կատարած խաղացողը:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2-ամյա փոքրիկի տատը՝  Սուսաննա Թիֆիլյանը:

«Անկեղծ ասած, չեմ  էլ հետաքրքրվել: Էլ չեն անհանգստացրել: Հիվանդ կին եմ, ինձ պե՞տք է ընկնեմ քաշքշուկների մեջ: Փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ է: Չար կատակ էր, անցավ, գնաց»,- ավելացրեց Սուսաննա Թիֆիլյանը:

Ավելի վաղ Սուսաննա Թիֆիլյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իր թոռանը չեն առեւանգել եւ հավաստիացրել, թե փոքրիկի կորելու մասին հայտարարությունն իր հարսը չի տարածել: «Ես չգիտեմ՝ ով է գրել այդ հայտարարությունը, խեղկատակություն են արել, ինչ են արել: Բանից անտեղյակ մանկապարտեզում երեխայի ժողովին էի մասնակցում, ոստիկանները եկան ինձ ու թոռանս տարան ոստիկանություն 4 ժամ պահեցին:  Գրողը, ով գիտի, իրա համար հանգիստ ֆռֆռում ա, ինձ տարել, եսիմ ինչ են անում: Բան չունեմ ասելու, ինձ ոստիկանությունում լավ են վերաբերվել, նույնիսկ դրամապանակս չէի վերցրել, թոռս սոված էր, իրենք գնացին ուտելու բան գնեցին, կերակրեցին»,- պատմեց երեխայի տատիկը: Նա նաեւ պատմել էր, որ իրենց ընտանիքը, երբեք ավտովթարի պատճառ չի էլ եղել, ինչպես նշվում է  տարածված կեղծ հայտարարության մեջ, որ երեխային առեւանգելով վրեժխնդիր լինեն:

«Մեկը իմ թոռանը առեւանգեր, ես սաղ աշխարհը կխառնեի իրար: Այդ երեխային 20 օրականից ես եմ պահել, որովհետեւ տղաս հարսիս հետ մյուս թոռանս տարել են արտասահման բուժման եւ 4 տարով այս թոռիս խնամակալությունը ինձ է տրված: Իսկ հարսս ընտիր աղջիկ ա, ընտիր հարս: Ընտիր հարս չլիներ, ես իր երեխային կպահեի՞»,- ասել էր տիկին Սուսաննան եւ ավելացրեց, որ տղայի ընտանիքը Կրասնոդարից տեղափոխվել են Թաթարստան:

Հիշեցնենք, որ մինչեւ այդ  երեխայի մոր՝ Ծովինար Միքայելյանի անունից հայտարարություն էր տարածվել, որտեղ  նշվում էր. «Խնդրում եմ օգնեք գտնել 2013թ.-ի փետրվարի 25-ին բակում խաղալու ժամանակ առեւանգված դստերս՝ Սուսաննա Թիֆիլյանին՝ ծնված 2011թ.-ի ապրիլի 9-ին»: Ասվում էր, թե առեւանգումը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի Մինաս Ավետիսյան 2 փողոցից ժամը 3:00-ի սահմաններում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: Կասկած էին հայտնել, որ երեխան առեւանգվել է Արտակ Պետրոսյանի ծնողների կողմից, ովքեր իրենց որդու մահվան պատճառով անհիմն մեղադրանքներ էին ներկայացնում ամուսնուն՝ Բագրատ Թիֆիլյանին: 

Իսկ ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 22.00-ին,  բաժին է հրավիրվել 51-ամյա Սուսաննա  Թիֆիլյանը  իր թոռան` 2011 թ. ծնված Սուսաննա  Թիֆիլյանի  հետ եւ  հայտնել, որ ինքը  թոռնուհու խնամակալն է, ու տվել  է բացատրություն, որ թոռանը ոչ ոք չի առեւանգել, եւ հոդվածում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Կատարվում է հետաքննություն: