Թուրքիայում քրդական հարցի կարգավորման շրջանակներում իշխանությունների քայլերին ի պատասխան` Իմրալը կղզու բանտում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի կոչով 2009-ի հոկտեմբերի 19-ին թուրքական իշխանություններին հանձնված 34 քրդերից 30-ի նկատմամբ կազմվել են 30 տարբեր մեղադրական զեկույցներ:
Մեղադրականները արդեն ընդունվել են հատուկ դատարանների վարույթ: Հյուսիսային Իրաքի Քանդիլ լեռի PKK-ի ճամբարներից եկած 8 հոգու համար պահանջվել է 20, իսկ գաղթականների Մահմուր ճամբարից եկած 22-ի համար 15 տարի ազատազրկում: Հանձնված PKK-ի 8 անդամների նկատմամբ առաջադրվել է «Ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու եւ ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանք: Իսկ գաղթականների ճամբարից եկած 22 հոգու դեմ ներկայացվել է «Ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով հանդերձ, ահաբեկչական կազմակերպության անունից հանցանք գործելու եւ ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանք:




























