29-ամյա Սամվել Եղիազարյանը, ում սպառնալիքների արդյունքում կինը ինքնասպանության փորձի էր դիմել, համաներմամբ ազատ է արձակվել: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Սամվել Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ.-ին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Աշտարակ քաղաքի բնակիչ Հ.Ս.-ի հետ, ալկոհոլային խմիչքը չարաշահելու եւ աշխատանք չունենալու պատճառով 2012 թ.-ից նրա եւ Հ. Ս.-ի անձնական հարաբերությունները սրվել են, որի պատճառով կինը իր մանկահասակ երկու երեխաների հետ ամուսնու հայրական տնից հեռացել եւ սկսել է բնակվել իր հայրական տանը: Ս. Եղիազարյանը բազմիցս հանդիպել եւ պահանջել է համատեղ ապրել: Մերժում ստանալուց հետո նրան տվել է սպանության եւ նմանատիպ բնույթի ռեալ եւ իրական սպառնալիքներ, խոստացել, որ չի թողնի հանգիստ ապրել, որի պատճառով Ս. Եղիազարյանի կողմից արված հերթական սպառնալիքների պատճառով Հ. Ս.-ն 2013թ. ապրիլի 30-ին, ժամը 15:00-ի սահմաններում, փորձել է խոհանոցային դանակով վնասել իրեն` ինքնասպան լինել, սակայն նրա մայրը նույն պահին կանխել է:
Քննելով գործը դատարանը որոշել է Սամվել Եղիազարյանի նկատմամբ կիրառել համաներում, քրեական գործի վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել: Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել դատարանի որոշման կատարումը:





























