Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում ձերբակալվել է 48-ամյա մի հայ՝ իր վերափոխված ֆուրգոնից վառելիքի արտահոսքը հրշեջների կողմից նկատվելուց եւ դրանում առկա կեղծ բանկային քարտերը հայտնաբերվելուց հետո: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:

Սեյրան Հարությունյանը կալանավորվել էր 20-ից ավելի կեղծ վարկային քարտեր պահելու կասկածանքով, որոնք քննիչները հայտնաբերել էին 500 գալոն բենզին պահելուն հարմարեցված ֆուրգոնի ներսում: Քննիչներից մեկը կայանված ֆուրգոնից վառելիքի արտահոսքի մասին   տեղեկացրել  էր համապատասխան մարմիններին: Գլենդելի եւ Լոս Անջելեսի շրջանի հրշեջ-ծառայությունների մասնագետները դեպքի վայր էին ժամանել, որտեղ բեռնատարում հայտնաբերել էին 455  գալոն դիզելային վառելիք: Բեռնատարը համալրված է եղել վառելիքի պահեստարանը վարորդից տարանջատող մետաղական պատնեշով:

Հրշեջ-ծառայության աշխատակիցները վառելիքը հեռացրել են ֆուրգոնից եւ այն տարել հատուկ կենտրոն: Հարությունյանը կալանավորվել էր ոչ թե իր ֆուրգոնը վերափոխելու, քանի որ նա անօրինական ոչինչ չէր արել, այլ՝ կեղծ քարտերի համար: Սակայն ոստիկանության ներկայացուցիչը կարծում է, որ անհրաժեշտ է չափից շատ բենզին տեղափոխելն արգելող օրենք՝ հասարակական անվտանգության հավանական սպառնալիքի պատճառով: Հարությունյանի գործի քննությունը շարունակվում է: