Ոստիկանների կողմից բռնի ուժի գործադրմամբ բերման ենթարկված եւ անչափահաս ներկայացող Հասմիկ Գրիգորյանը լրագրող է, գրում է սպորտային թեմաներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հասմիկ Գրիգորյանը:

Նա պատմեց, որ ինքը դեկտեմբերի 2-ին Նալբանդյան փողոցում մասնակցում էր ակցիայի, այնուհետեւ, երբ բոլորը տուն գնացին տուն, ինքն էլ Բաղրամյան պողոտայով շտապում էր հարցազրույցի: «Սիրահարների այգուց ԱԺ տանող խաչմերուկի անցման վրա ինձ սկզբում ասացին այդտեղ մի կանգնիր, ասացի՝ ինչո՞ւ, ի՞նչ իրավական հիմքով, հայտնվեցին ոստիկանները, այդ ժամանակ հայտնվեց ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը ու ասաց՝ «հավաքեք դրան, ձեռները ոլորեք, գցեք ավտոն»: Ես հասկացա, որ այդ մարդիկ ամեն ինչի ընդունակ են, այդ ժամանակ իմ մոտ պանիկա է առաջացել, ես գոռում էի, որ անչափահաս եմ, որպեսզի ինձ բաց թողնեն, որովհետեւ ահավոր էին բրդում ու գցում, ոնց որ վերջին հանցագործին կտանեն: Ես բաժանմունքում ասել եմ, որ անչափահաս չեմ ու իրենց էլ եմ բացատրել, թե ինչի համար եմ այդ ամեն ինչը արել: Ով էլ այնտեղ հայտնվեր եւ ում հետ էլ այդպես վարվեին, անչափահաս չէ, եսիմ ինչեր կասեր: Շոկի ազդեցության տակ եմ ասել, ես շատ չեմ գիտակցել, թե նման բան եմ ասում, կարող է ասեի՝ ես հիվանդ եմ սրտային, 4 ոստիկանով մի մեքենայով տանում են մի աղջկա, ով ոչինչ չի արել»,- պատմեց լրագրողը:

Ճանապարհին նրան ոստիկանական մեքենայի մեջ մի անգամ հարվածել են, ապա տարել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք: Հասմիկ Գրիգորյանը նշեց, որ  այդպես էլ բերման ենթարկելու որեւէ հիմք չէին ներկայացրել, միայն կրկնում էին, թե ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար են բերման ենթարկում, մինչդեռ, նրա փոխանցմամբ, ոչ մի պահանջ չի եղել: Բաժանմունքում նրան 3 ժամ պահել են, կիսատ արձանագրություն են կազմել, որը Հասմիկը չի էլ ստորագրել եւ հեռացել է բաժանմունքից: Դրանից առաջ փորձել էր ոստիկանական բաժանմունքի հետնամուտքից դուրս գալ, քանի որ ոստիկանները իրավական հիմք չէին ներկայացրել, իսկ ինքը հարցազրույցից էր ուշանում:  Իրեն բռնության ենթարկելու մասին դեռ Հասմիկըը հաղորդում չի ներկայացրել, նախեւառաջ կխորհրդակցի իր իրավաբանի հետ, հետո կորոշի:

Անչափահաս հայտարարելու վերաբերյալ իր հասցեին հնչող քննադատություններին Հասմիկը ծանոթ է, չի ցանկանում ժամանակ վատնել դրանց վրա, որովհետեւ դա իր էներգիայից է խլում եւ ամբողջ հասարակությանը որեւէ բան ապացուցելու խնդիր չունի:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին ոստիկանությունն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ընդունել էր, որ իսկապես մեկ անչափահասի բերման են ենթարկել: Խոսքը 03.04.1998 թ ծնված Էրիկ Իսրայելյանի մասին է, ով, ըստ իրավապահների, հանձնվել է ծնողի հսկողությանը` առանց նրա նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու:

Ավելի վաղ Երեւանի  ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ոստիկանությունը իրավունք չունի անչափահասին բռնի ուժով բերման ենթարկել, «ես դատապարտում եմ դա»: Այնուհետեւ պարզվել էր, որ այն աղջիկը, ում ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, մտցնում են ոստիկանական մեքենա, իսկ աղջիկը գոռում է, թե ես անչափահաս եմ, բաց թողեք ինձ, ուր եք տանում եւ այլն,  21.10.1990թ ծնված  Հասմիկ Գրիգորյանն է: