Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը չի ցանկանում մեկնաբանել իր՝ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ նշանակվելու մասին լուրերը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ներսես Նազարյանն ասաց հետեւյալը. «Ես նման բամբասանքներով չեմ զբաղվում, հանգստի մեջ եմ, դրսում եմ, ինձ նման բաներ չեն հետաքրքրում, չեմ էլ ուզում այդ բաներին պատասխանեմ»:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը թեեւ փոխոստիկանապետների վերջին փոփոխությամբ հասկացավ, որ համակարգ իր վերադարձի հավանականությունն անորոշ ժամանակով հետաձգվում է, սակայն չի կորցնում օպտիմիզմը։ Նրա շրջապատը լուրեր է տարածում, որ Նազարյանը շուտով նշանակվելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի փոխարեն, որի փոփոխության հարցը վաղուց է օդում թեւածում։ Այս պաշտոնի վրա աչք ունի նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով այժմ ՀՀ նախագահի խորհրդականն է: