Օգոստոսի 1-ին լրանում է Հայ ազգային կոնգրեսի առաջին տարեդարձը, որի կապակցությամբ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ:
«Երկրում ավազակապետական ռեժիմը տապալելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու իր հիմնական խնդիրը լուծելու համար, նոր պայմաններում Համաժողովրդական շարժումը, իր մաս կազմող կուսակցությունների հանդիսավոր ստորագրությամբ 2008 թ. օգոստոսի 1-ին հռչակեց ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ծնունդը: Քաղաքական ուժերից դուրս՝ Կոնգրեսին անհատապես անդամագրվեցին բազմահազար քաղաքացիներ: Մեկ տարվա ընթացքում ՀԱԿ-ը դարձավ Հայաստանի պատմության մեջ ամենահզոր ու արդյունավետ քաղաքական ընդդիմությունը»,- ասված է հայտարարության մեջ: Այնուհետեւ ներկայացված են այն, ինչին Կոնգրեսը կարողացել է հասնել վերջին մեկ տարում: Ըստ այդմ ՀԱԿ-ին հաջողվել է.
- Ի հեճուկս բոլոր բռնաճնշումների, ամբողջությամբ պահպանել ավազակապետության դեմ ծառացած Համաժողովրդական շարժման ներուժը եւ ավելի կազմակերպված ու արդյունավետ դարձնել նրա պայքարը
— հաջողությամբ կազմակերպել շուրջ 150 քաղբանտարկյալների դատական պաշտպանությունը՝ ի չիք դարձնելով նրանց ու բազմաթիվ ուրիշների տարիներով ազատազրկման ենթարկելու ծրագիրը.
- խափանել Շարժման դեմ թխված իշխանության յուրացման ու պետական հեղաշրջման ծանրագույն մեղադրանքը, ի ցույց դնել դրա սնանկությունը՝ դրանով իսկ ապացուցելով, որ մարտիմեկյան ջարդի ու սպանդի ողջ պատասխանատվությունն ընկնում է վարչախմբի վրա.
- բացահայտել Մարտի 1-ը, տապալել ռեժիմի կողմից ուղղորդվող դատախազության, քննչական վարչության, դատարանների՝ իրական հանցագործների ծանրագույն հանցանքները կոծկելուն ուղղված փորձերը.
- հասնել քաղբանտարկյալների մեծագույն մասի ազատ արձակմանը.
- հակակշռել իշխանական մոնոլիտ ու բազմածախս քարոզչամեքենային եւ հասարակությանը հետեւողականորեն տեղյակ պահել կարեւորագույն իրադարձություններին վերաբերող իրողություններին ու փաստերին` մասնավորապես այսօր ամենակարեւոր` ԼՂ եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրում վարչախմբի վարած դավաճանական քաղաքականությանը.
- միջազգային ասպարեզում Հայաստանին վերաբերող հարցերում ձեռք բերել կարեւորագույն քաղաքական գործոնի համարում եւ հեղինակություն.
- խորացնել երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացը, երիտասարդացնել Շարժումը, ի հայտ բերել պայքարը շարունակելու նոր ու վստահելի հերթափոխ":
«ՀԱԿ-ը հետապնդում է իշխող ավազակապետական ռեժիմի վերացման, սահմանադրական կարգի վերականգնման, օրինականության հաստատման, ազատ, մրցակցային տնտեսական համակարգի ձևավորման, այլ խոսքով` պետական մարմիններին քաղաքացիներին ծառայելու եւ սպասարկելու, նրանց ապահովությունն ու արժանապատիվ կյանքը երաշխավորելու, ազգային շահերը պահպանելու բնական գործառույթների վերականգնման նպատակ: Այս սկզբունքների հաղթանակումը Հայաստանում անխուսափելի է, քանզի միավորում է քաղաքական ուժերի բազմազանությունը, ամենատարբեր հետաքրքրությունների, սակայն քաղաքացիական կեցվածքի տեր բազմահազար մարդկանց, ոգեւորում երիտասարդությանը»,- նշում են հայտարարության հեղինակներն ու հավելում, որ ՀԱԿ-ը շնորհավորում է Կոնգրեսի մաս կազմող բոլոր կուսակցություններին, աջակցող այլ կազմակերպություններին եւ տասնյակ հազարավոր անհատ անդամներին:




























